Փաշինյանը «ստատուս է» գրել, իրականացրել է Աննա Վարդապետյանը


Փաշինյանը «ստատուս է» գրել, իրականացրել է Աննա Վարդապետյանը
Հուլիս 2 15:44 2025

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ հաղորդում է ներկայացրել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ «Այս ակնհայտ ապօրինի հետապնդումը սկզիբ է առել գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Ես նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց ինքը հաղորդում ներկայացնի»,- ասաց նա։ Ստացվում է, որ Փաշինյանի գրառումով առաջնորդվողն Աննա Վարդապետյանն է եղել։ Ինչպես հայտնի է, հունիսի 17-ին Փաշինյանը գրել էր․ «Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։ Կարելի է ենթադրել, որ Աննա Վարդապետյանն էլ ժամանակ չի կորցրել, ջանք չի խնայել գոնե մի քիչ իրավաբանությանը նմանվող հիմքով հաղորդում ներկայացնելու համար և Սամվել Կարապետյանի «մասնակցել» բառի մեջ հանցանք է տեսել և դրա հիման վրա հաղորդում է ներկայացրել։

Համ էլ առիթ է Փաշինյանին ևս մեկ անգամ վստահեցնել, որ կարևորը վարչապետի ցանկությունն է ու իր պաշտոնը, ոչ թե իրավաբանությունը, երկիրը, մարդն ու նրա իրավունքը։ Կարող է լինել նաև մյուս տարբերակը։ Փաշինյանն ասել է, որ հենց Աննա Վարդապետյանը զբաղվի այդ հարցով, իր գրառումն ընդունի որպես հրաման, որովհետև Աննա Վարդապետյանի արածը օգնականի գործ է։ Այս տարեբերակն ավելի հավանական է, որովհետև Աննա Վարդապետյանը հաստատ մի քիչ մտածել է անհիմն գործի համար հետագայում պատասխանատվության սպառնալիքի մասին։ Իսկ նա պատասխանատվությունն ուրիշի վրա գցելու հայտնի վարպետուհի է սկսած նախկին դատավոր Մկրտչյանի ժամանակներից։ Անկախ այս վերը նկարագրվածից, փաստը մեկն է, որ Փաշինյանի ստատուս է գրել, և աննախադեպ բան է տեղի ունեցել։ Փաշինյանի գրածն իրականացրել է անկախ մարմին համարվող, բայց արդեն վաղուց օգնականի գրասենյակի ղեկավար Աննա Վարդապետյանը։ «Ապրես, նստի, բայց հիմա չէ, հետո կնստես»։

 

Irakanum.am