Այս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների աջակցությունը հայ ժողովրդին․ Վեհափառ


Այս ծանր ու դժվարին օրերին կարևոր է միջազգային կառույցների աջակցությունը հայ ժողովրդին․ Վեհափառ
Հուլիս 2 16:08 2025

Հուլիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Դոմենիկո Արդուինիին։

 

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից իրականացվող մարդասիրական առաքելության առնչությամբ։ Հատկապես այս ծանր ու դժվարին օրերին Նորին Սրբությունը կարևոր նկատեց միջազգային կառույցների ու կազմակերպությունների աջակցությունն ու զորակցությունը հայ ժողովրդին։

 

Իր հերթին դեսպան Դոմենիկո Արդուինին Հայոց Հովվապետին տեղեկացրեց, որ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտը նախատեսում է ընդլայնել գործունեությունը Հայաստանում՝ ծրագրեր իրականացնելով նաև սոցիալական, կրթական ու տնտեսական ոլորտներում։