Օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գրառումը․
«Արդեն վաղուց չկա զարմանալու կամ զայրանալու պատճառ ու պահ։ Սրանք հույզեր են, որոնք սպառվել են… մեզնից խլված հայրենիքների հետ միասին։
Այսօր մնացել է միայն սթափություն։ Եվ այդ սթափությունը պարտադրում է մեկ բան՝
ազատվել մեզ ոչնչացնող իշխանությունից։
Նիկոլի ամեն մի այց Թուրքիա ու հանդիպում թշնամիների հետ մեզնից մեզ է տանում։
Մի նոր հող, մի նոր զոհ, մի նոր ողբերգություն։
Եվ ամեն ինչ՝ գաղտնի, փակ սենյակներում, մեզանից թաքուն։ Մենք չգիտենք՝ ինչի շուրջ են պայմանավորվում, բայց գիտենք, թե ինչ գին ենք մենք վճարում։ Ու այդ գինը ցավ է։ Կորուստ է։ Հայ մարդու նվաստացում է։
Սա դավաճանություն է, որը չպիտի վերլուծել՝ պետք է կանգնեցնել։
Սա չեղարկված ժողովրդավարություն է, սա վերաձևված պետություն է՝ առանց ժողովրդի կամքի։
Նա մեր ղեկավարը չէ։ Նա օտարի գործակիցն է։ Նա մեր կորուստների հեղինակն է։
Ու որքան նա դեռ բեմում է, այնքան մենք զոհ ենք մնալու՝ մեր իսկ տանը։
Նրանք ուզում են, պարտադրում են, որ հաշտվենք, լռենք, խոնարհվենք։
Մեր լռությունը պիտի ավարտվի, համբերությունը՝ սպառվի, իսկ վճռականությունը՝ ուժեղանա։
Ի վերջո, պիտի ասենք` վերջ։
Վերջ նվաստացումներին։ Վերջ գաղտնի պայմանավորվածություններին։ Վերջ պետական դավաճանությանը։
Մեր ձայնը պիտի լսելի դառնա ամբողջ աշխարհում։
Որ Հայաստանը ժողովուրդ ունի, ոչ թե հանձնված հող, հանձնված իշխանություն։
Որ Հայաստանը կա՝ այնքան ժամանակ, որքան կան մարդիկ, որոնք չեն հաշտվում այլասերվածության հետ ու մինչև վերջին պահը մենք կանգնելու ենք այս հայրենիքի կողքին։
Արցախն ու Հայաստանը հայրենիք է, ոչ՝ իշխանական ծրագրերի մանրադրամ։
Կամք բոլոր նրանց, ովքեր չեն լռում։
Ուժ բոլոր նրանց, ովքեր դեռ կանգուն են։
Հաղթանակ՝ նրանց, ովքեր չեն դավաճանում։
Նկարը՝ Արցախի Հանրապետություն, ք. Ստեփանակերտ, «Պյատաչոկ» օղակաձև պուրակ, 18 դեկտեմբերի, 2022թ.»