ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ռուսաստանյան գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան


ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար ռուսաստանյան գործընկերներին պաշտոնական հայտագիր ենք ներկայացրել. Միրզոյան
Հունիս 18 18:07 2025

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց, որ պաշտոնական հայտագիր են ներկայացրել ՌԴ ԱԳՆ-ին, ՀՀ ներքին գործերին բացահայտ միջամտության համար։

«Երեկ ռուսաստանյան հանրային հեռուստաընկերության եթերում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում անձնական բնույթի, այդ թվում ՀՀ ղեկավարության նկատմամբ։ Անմիջապես հետո նմանաբովանդակ արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների՝ պատգամավորների և կառավարման մեծամասնության ներկայացուցիչների կողմից»,-ասաց Միրզոյանը՝ անդրադառնալով գործարար Կարեն Կարապետյանի նկատմամբ իրավական գործընթաց սկսելուց հետո ռուսական կողմից հնչող հայտարարություններին։

«Մենք սա համարում ենք ոչ միայն հակասող ՀՀ-ՌԴ  ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունը կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլ ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություններ ինքնիշխության և ժողովրդավարության դեմ։ Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին, կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է հասած լինի հասցեատիրոջը»,-ասաց Միրզոյանը։