Մասնակցելու ենք ԱԺ այդ նիստին և այդ ժամանակ կհամոզվեք, որ դա ամբողջությամբ ապօրինի, կեղծ գործընթաց է. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Գլխավոր դատախազի միջնորդագրին՝ թույլ տալու Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական գործ հարուցել։
«Այս իշխանության ձեռագիրն է, եթե նայենք անցնող ժամանակահատվածը՝ սրանց իշխանության հիմնական հենարանն ուժային կառույցներն են, որոնք շարունակում են դիմադրության բոլոր օջախները․ ազգային ուժերին, անհատ գործիչներին թիրախավորել, քրեական գործերով փորձել կաշկանդել, որպեսզի պահեն իրենց իշխանությունը»,-ասաց նա։
Սաղաթելյանը շարունակեց. «Գլխավոր դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանին օգնականի կարգավիճակում և այդ կերպարից չի կարողանում դուրս գալ»։
Ըստ ՀՅԴ գործչի՝ նա ոչ թե քրեական հետապնդում պետք է հարուցեր Արծվիկ Մինասյանի դեմ, այլ պետք է ընթացք տար Արծվիկ Մինասյանի կողմից դատախազություն ներկայացված Նիկոլ Փաշինյանի պետական դավաճանություն կատարելու մասին հաղորդմանը։
«Այդ ժամանակ կստացվեր, որ դատախազը իրոք զբաղվում է պետական շահերով»,-ասաց նա։