Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին


Համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կզարգանան. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին և Միշուստինին
Հունիս 12 11:44 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

 

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

 

Ռուսաստանի Դաշնության ժամանակակից պատմության մեջ այս տոնը հանդիսանում է սերունդների ժառանգորդության խորհրդանիշը։ Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ։

 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կզարգանան և կամրապնդվեն՝ ի նպաստ մեր երկրների ժողովուրդների բարօրության։

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, առողջություն և ամենայն բարիք, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»։

 

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

 

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

 

Ընդունեք շնորհավորանքներս ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

 

Այս օրը ժամանակակից Ռուսաստանի նորագույն պատմության մեջ մեկնարկային կետ է, որը նշանավորում է պետության և հասարակության զարգացման նոր փուլի սկիզբը։

 

Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև հետևողական բազմամակարդակ համագործակցությունը կշարունակի նպատակային զարգանալ՝ նպաստելով փոխշահավետ նախագծերի իրականացմանը և երկու պետությունների տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործմանը։

 

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, առողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովուրդներին՝ խաղաղություն և բարեկեցություն»։