Հայ եկեղեցու, հոգևոր առաջնորդի դեմ հարձակումները հարված են հայ ժողովրդի հենց սրտին․ Կամո Հայրապետյան


Հայ եկեղեցու, հոգևոր առաջնորդի դեմ հարձակումները հարված են հայ ժողովրդի հենց սրտին․ Կամո Հայրապետյան
Հունիս 11 20:30 2025

«Ես սա համարում եմ իրադարձությունների բացարձակապես անընդունելի և չափազանց վտանգավոր զարգացում։ Հայ եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա հարձակումները հարված են հայ ժողովրդի հենց սրտին։ Սա փորձ է խարխլելու մեր ազգային ինքնության հիմքը»,-ասել է Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Կամո Հայրապետյանը՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ հարձակումներին։

Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի տարածաշրջանային մասնաճյուղի  կայքում հրապարակված Կամո Հայրապետյանի հարցազրույցը հրապարակում ենք ամբողջությամբ.

Հարց-Կամո Դիկրանի, վերջին շրջանում մենք նկատում ենք Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական եկեղեցու միջև լարվածության սրում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Հայաստանում իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարբեր ներկայացուցիչներ թույլ են տալիս բացահայտ մեղադրանքներ հնչեցնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

Պատասխան-Ես սա համարում եմ իրադարձությունների բացարձակապես անընդունելի և չափազանց վտանգավոր զարգացում։ Հայ եկեղեցու, նրա հոգևոր առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի վրա հարձակումները հարված են հայ ժողովրդի հենց սրտին։ Սա փորձ է խարխլելու մեր ազգային ինքնության հիմքը, զրկելու մեզ հոգևոր հենարանից հատկապես Հայաստանի համար այս դժվար ժամանակներում։ Դարեր շարունակ Հայ առաքելական եկեղեցին եղել է ոչ միայն կրոնական ինստիտուտ։ Շատ դեպքերում այն եղել է մեր մշակույթի, լեզվի, ավանդույթների պահապանը։ Եկեղեցին պաշտպանել է ազգին ամենադժվարին պահերին՝ պատերազմի ու զրկանքների ընթացքում։ Հենց Եկեղեցին է ունեցել ամենամեծ ավանդը աշխարհով մեկ ցրված հայ ժողովրդի միավորման գործում և թույլ չի տվել, որ լուծվենք օտար մշակութային միջավայրում։

Հարց-Դուք նշեցիք Եկեղեցու դերը Սփյուռքում։ Որքա՞ն կարևոր է դրա ազդեցությունը Հայաստանից դուրս գտնվող հայկական համայնքներում։

Պատասխան-Սփյուռքում եկեղեցու նշանակությունն անգնահատելի է։ Շատ դեպքերում եկեղեցու շնորհիվ  հայկական համայնքները կապ են պահում հայրենիքի հետ, պահպանում են իրենց լեզուն, մշակույթը, ավանդույթները։ Հայաստանից դուրս ապրողների համար Եկեղեցին ձգող կենտրոն է. այն կազմակերպում է կիրակնօրյա դպրոցներ, մշակութային կենտրոններ, բարեգործական միջոցառումներ։ Այն օգնում է հայերին ինտեգրվել նոր միջավայրում՝ առանց կորցնելու իրենց ազգային ինքնությունը։

Հետևաբար, Եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները ցավագին են ընդունվում սփյուռքում։ Ողջ աշխարհում սփռված հայերը տագնապած հետևում են տեղի ունեցողին։ Նրանք հասկանում են, որ Եկեղեցուն ուղղված հարվածը նաև հարված է ողջ հայ ժողովրդին, նրա ապագային։

Հարց-Կամո Դիկրանի, ի՞նչ եք ցանկանում ասել այսօր Հայաստանի քաղաքացիներին, ողջ հայ ժողովրդին։

Պատասխան-Ուզում եմ ասել, որ չկորցնենք մեր հույսը, որ հավատանք մեզ ու մեր ժողովրդին, որ հիշենք մեր պատմությունը, ավանդույթները, մշակույթը, որ միասնական լինենք, միմյանց աջակցենք, որպեսզի միասին կառուցենք Հայաստանի ապագան։

Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում քիչ ողբերգություններ չի ապրել։ Բայց երբեք մենակ չենք եղել, միշտ մեր մեջ ուժ ենք գտել ոտքի կանգնելու ու առաջ գնալու համար։ Վստահ եմ՝ նաև հիմա Հայաստանում ու Սփյուռքում մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կառուցել ուժեղ ու բարգավաճ Հայաստան։