Փաշինյանը սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում․ նոր հեղափոխություն՝ 7 տարի անց․ Բադալյան


Փաշինյանը սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում․ նոր հեղափոխություն՝ 7 տարի անց․ Բադալյան
Հունիս 10 12:12 2025

7 տարի անց նոր «հեղափոխություն». գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

«Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում: Այլ կերպ ասած՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նախաձեռնում է նոր հեղափոխություն, խորհրդարանի ընտրությունը վերածում է հեղափոխության: Փաշինյանը պատկերացնում է, որ ընտրության գործընթացում հաղթելն իր համար շատ բարդ է եւ շանսը հեղափոխությունն է, հեղափոխական գործընթացը:

Բնականաբար, չի կարող լինել քաղաքական հեղափոխություն, քանի որ նա արդեն ունի պետական կարգավիճակ՝ ընդդիմադիր չէ, որ «մերժի Սերժին»:

Մնում է հոգեւոր իշխանությունը․ հեղափոխություն հոգեւոր իշխանության դեմ՝ «մերժիր Գարեգինին»:

Փաշինյանը քայլ առ քայլ կառուցում է այդ հեղափոխությունը, հռչակում «Վեհարանն ազատելու» նպատակը եւ հավաքում «համակարգող խորհուրդ»: Լուծվելիք խնդիրներն անշուշտ բազմաշերտ են, սակայն հավաքական իմաստով՝ խնդիրը հենց ընտրական գործընթացը «հեղափոխական գործընթացի» վերածելն է:

Սա տարբեր բան է, քան պարզապես «նախկինների ռեւանշ» կամ «գուբերնիա» թույլ չտալը: Դա հեղափոխություն չէ: Նիկոլ Փաշինյանը Երեւանի եւ Գյումրու ընտրություններով «ստուգել» է այդ «հենման կետերի» կենսունակությունն ու գնահատել, որ ընտրական պրոցեսում հաջողության համար դրանք այլեւս բավարար չեն, կենսունակ չեն, պետք է «հեղափոխական» տրամաբանություն:

Եվ նա, ըստ էության, սկսել է ընտրական պրոցեսը «հեղափոխականի»  վերածելը, այդտեղ փնտրելով իր շանսը»: