«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Բախշյանը՝ վարչապետին


«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է. Բախշյանը՝ վարչապետին
Հունվար 31 12:49 2017

«Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է: Այս մասին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված հայտարարությունում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը:

Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.

«Հունվարի 13-ին կայացած Ձեր ասուլիսում ըստ ոլորտների ներկայացրիք կառավարության 100 օրվա գործունեությունը: Ես բոլորովին հակված չեմ կարծելու, թե վերջին ճշմարտություն են լինելու ստորեւ ասածներս, բայց, այնուամենայնիվ, որպես հատկապես հանրակրթության օղակները խորությամբ ճանաչող փորձագետ, չեմ կարող անտարբեր անցնել հանրությանը ներկայացրած՝ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետության դիտարկման կողքով:

Չեմ թաքցնի, ակնդետ հետեւել եմ ոլորտի բարեփոխումներին միտված Ձեր բոլոր հանձնարարականներին, որոնք կատարելու համար Ձեր կողմից տրված ժամկետներն անհավանական կարճ են, որն էլ ստիպել է պետական լիազոր մարմնին ընդամենը գրի առնել չուսումնասիրված, չհիմնավորված լուծումներ: Չնայած՝ արդար կլինի, եթե ասեք, որ Ձեր կողմից տրված հանձնարարականները ոչ միայն նորություն չեն, այլեւ դրանք եղել են նաեւ Ձեզանից առաջ: Ի՞նչ են ասելիքս ու դիտարկումները հատկապես «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրվածի առնչությամբ՝ ըստ նույն համարակալման:

Առաջին դիտարկումս այն է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ոլորտը պետք առաջնորդվի «Կրթության զարգացման պետական ծրագիր» ՀՀ օրենքով, որը պետք է ընդունվի 5 տարին մեկ: Առաջինը եղել է 2001-2005թթ., երկրորդը՝ 2011-2015թթ., երրորդը՝ 2016-2025թթ. տասնամյա ծրագիրը, ոչ միայն չկա, այլեւ Ձեր անելիքների մեջ նույնպես նախատեսված չէ: Իհարկե, օրենքի լինելը դեռ ոչինչ չի նշանակում, որովհետեւ 2011-2015թթ. օրենքով նախատեսվում էր կրթության ֆինանսավորումը հասցնել ՀՆԱ-ի 4%-ին, որն անցած 5 տարիներին այդպես էլ 2.6%-ից չբարձրացավ: Ինչեւէ, ասելիքս այն է, որ չունենք կրթության զարգացման 2016-2025թթ.ծրագիրը:

Կետ 2. ասում եք՝ «Ապահովվել է հանրակրթական հիմնարկների թափանցիկությունը, ստեղծվել է ՀՀ հանրակրթական դպրոցների էլեկտրոնային քարտեզ եւ տվյալների շտեմարան, որը հասանելի է համացանցում»: Փորձեցի համացանցում գտնել հանրակրթական հիմնարկների տվյալների շտեմարանը: Միայն Սյունիքի մարզի դպրոցների կայքէջերում կային «Հաստիքացուցակ» եւ «Տարեկան հաշվետվություն» պատուհանները, որոնք բոլորը չէ, որ օրինակելի էին, բավական հաջող էր Ագարակի դպրոցի կայքը: Կարելի է իրենց օրինակը տարածել մարզի մյուս դպրոցներում այնպես, ինչպես 2015-ից հրապարակվում են Երեւանի դպրոցների ֆինանսական լիարժեք հաշվետվությունները, բայց ոչ դպրոցների կայքում, այլ Yerevan.am կայքի «ֆինանսներ» պատուհանում, որոնք կարող են տեղադրվել նաեւ իրենց կայքերում: Մյուս մարզերի դպրոցների կայքերում ես չգտա, գուցե ոլորտի լիազոր պետական մարմինը գիտի՞, թե որտեղ են դրանք տեղադրված:

Կետ 4. նույն վերնագրի 4-րդ կետում գրված է. «Ավարտվել են նոր կրթակարգի նախնական նախագծի ստեղծման աշխատանքները: Ներկայացվել է հանրակրթական դպրոցներում ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ներդրման ժամանակացույցը»: Անկեղծ ասած՝ ինձ համար հասկանալի չէ, թե այս նոր կրթակարգը Ձեր թվարկած ո՞ր խնդրի լուծումն է տալու:

«Նոր կրթակարգ» փաստաթուղթ ասելով հավանաբար նկատի ունեք ԿԳՆ կայքում տեղադրված «Ազգային կրթակարգ» փաստաթղթի նախագիծը, որի ստեղծման հիմնական ուղենիշ է ներկայացվել նաեւ «Կրթության զարգացման պետական»՝ գոյություն չունեցող ծրագիրը: Ս.թ. հունվարի 27-ին «Առավոտ» թերթում հրապարակել եմ «Պետական չափորոշի՞չ, թե՞ ազգային կրթակարգ» հոդվածը, որտեղ ներկայացրել եմ վարկային վերջին ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսվածն ու իրականացված փաստաթղթի անհամապատասխանությունը:

Վարկային ծրագրով մեր կողմի պարտավորությունը եղել է՝ «1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագրերը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին»: Այս նպատակին հասնելու համար նախատեսվել է 0.5 մլն դոլար ծախսել: Այնինչ գրվել է օրենքով չսահմանված փաստաթուղթ՝ Ազգային կրթակարգ, որը չի լուծում Ձեր ասած խնդիրը: Նոր կրթակարգը սահմանում է ուսումնական 9 բնագավառ` 1) հայոց լեզու, գրականություն 2) օտար լեզուներ 3) մաթեմատիկա 4) ինֆորմատիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ) 5) բնություն, բնական գիտություններ 6) հասարակություն, հասարակական գիտություններ 7) արվեստ, հոգեւոր մշակույթ 8) տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) եւ գործարարություն 9) ֆիզիկական կուլտուրա, ՆԶՊ եւ անվտանգ կենսագործունեություն: Այստեղ չի երեւում Ձեր ներկայացրած խնդրի՝ ֆինանսական եւ տնտեսագիտական կրթության ներդրման բնագավառը, էլ չեմ ասում՝ ժամանակացույցը:

Ի դեպ, այս կրթակարգով ներկայացված ուսումնական պլանների ժամաքանակն էլ նույնն է, ինչ գործող ուսումնական պլաններինը: Նաեւ առաջարկվել է 7-11-րդ դասարաններում 6-օրյա ուսումնական շաբաթ: Իսկ այն, ինչ 12-րդ դասարաններում ներկայացրել են որպես ավագ դասարանների ծրագրերի բեռնաթափում, դա այնքան էլ այդպես չէ, դա ընդամենը ԲՈՒՀ ընդունվողներին ընդառաջելու քայլ է:

Կետ 6.այս կետով, որպես արդեն ներդրված ծրագիր, ներկայացվել է «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրումն ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող մարզային պետական կրթական հաստատություն¬ներում: Այնինչ այս ծրագիրը պետք է գործի 2018-ից:

Ասելիքս այն է, որ «Ի՞նչ է արվել» վերնագրի տակ գրված լուծումների հավաստիությունը կասկածելի է: