Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ, Վրաստանը հաճոյանում է թուրք-ադրբեջանական երկվորյակային զույգին. Մակարյան


Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ, Վրաստանը հաճոյանում է թուրք-ադրբեջանական երկվորյակային զույգին. Մակարյան
Մայիս 21 17:53 2025

Վրաստանի մաքսային գործընթացներում առաջացած խնդիրներով պայմանավորված Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց կրկին բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանի կոնյակագործները։ Ըստ կոնյակագործների, վրացական կողմն իր տարածքում խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան, Բելառուս բեռնատարների անցման համար, ինչի հետևանքով հայկական բեռնատարները օրեր շարունակ կանգնած են մնում հայ-վրացական սահմանի անցակետում, ինչը հսկայական ուշացումներ և ֆինանսական կորուստներ է ենթադրում։ Ըստ նրանց, տարբեր գործարաններից արտահանվող բեռները պահվում են Վրաստանի «Գեյզի» անցակետում անալիզի, բայց Վրաստանը համարվում է տարանցիկ երկիր, և դրա կարիքը չկա։

«Արդարություն», «արդարություն» վանկարկում են  նրանք դեսպանատան դիմաց։

«Նման բան երբեք չի եղել, որ  ֆուրերը գնան,  ճանապարհին կանգնեն, խնդիրներ առաջանան։ Բայց հիմա արդեն մոտ 2  ամիս խնդիրներ են առաջացնում։ Մենք կմնանք անգործ։  Մոտ 600-700 բանվոր մնալու ենք անգործ,  եթե հարցին լուծում չտրվի»,- լրագրողներին ասաց  «Պռոշյան» գինու, կոնյակի գործարանի աշխատակից Վաղնիկ Աղաջանյանը։

Նա նշեց, որ իրենց պահանջն է, խնդրանքն է թույլ տալ հայկական բեռներն անցնեն, իրենք էլ շարունակեն իրենց բնականոն աշխատանքը։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ  Հայաստանում Վրաստանի դեսպանությունն այն մարմինը չէ,  որ պետք է լուծում տա խնդրին։

«Վրաստանի ֆինանսների նախարարությունն էր պարզաբանել, որ դրանք մաքսային գործընթացներ են, ոչ մի ենթատեքստ, դիտավորություն չկա։ Բայց  ափսոսանքով պետք է ասեմ, որ խնդիրն արդեն մեկ ամսից ավելի լուծում չի ստանում։

Այն, ինչ որ հիմա տեղի է ունենում  վրացական կողմից, բացարձակապես հակասում է  Առևտրի  համաշխարհային կազմակերպության կանոններին որպես տրանզիտային  բեռներ, դրանք պետք է հանգիստ տեղաշարժվեին  Վրաստանի տարածքով։ Վրաստանը խախտել է բեռնափոխադրումների ազատ տեղաշարժման իրավունքը։ Զարմանալի է, որ մեր համապատասխան պետական մարմինները, Հայաստանի  ներկայացուցիչն Առևտրի համաշխարհային  կազմակերպությունում դեռևս չի դիմում՝ արտահայտելու դժգոհությունը»,- ասաց Գ.Մակարյանը։

Նա նշեց, որ Վրաստանի տնտեսությունը գտնվում է  Թուրքիա-Ադրբեջան երկվորյակային զույգի ազդեցության տակ. «Առաջին գործընկերը Թուրքիան է Ադրբեջանի հետ վերցրած։ Վրաստանը, կարծում եմ, հարկադրված եմ ասում, հաճոյանում է թուրք-ադրբեջանական երկվորյակային զույգին»։

Մակարյանն ասաց, որ Վրաստանում վերցնում են արտահանողների փաստաթղթերը, ուսումնասիրում, տեսնում են կոմերցիոն գաղտնիքներ՝ ռուսական որ ընկերությանն է վաճառվում, ինչ գնով, ինչպիսի բաղադրություն ունի տվյալ կոնյակը. «Ենթադրում եմ՝ այդ տվյալները փոխանցելու են իրենց կոնյակագործներին,  փորձելու են այս շուկան խափանելով՝ իրենք աստիճանաբար գրավեն։ Սա տնտեսական տեռոր է Հայաստանի կոնյակագործության հանդեպ»։

Գ.Մակարյանի խոսքով, Վրաստանը 4 բրենդով կոնյակներ է արտադրում, Ադրբեջանն էլ ունի կոնյակ, թեև որակով զիջում են, տարբերվում են, բայց չի բացառվում, որ Ադրբեջանը Վրաստանի միջոցով գրոհում են հայկական կոնյակագործության,  խաղողագործության վրա։

«Վաղը, մյուս օրը խաղողը պետք է մթերվի, պատկերացրեք՝ եթե չմթերվի, ինչ դժգոհություն կլինի  գյուղացիների կողմից, դա կարող է բերել կոնֆլիկտի կոնյակ, գինի  արտադրողների, խաղող մշակողների միջև»,- ասաց Մակարյանը։

Նա նշեց, որ կան գործարաններ, որոնց մեքենաները բեռնված են, չեն կարողանում արտահանել այս քաշքշուկի պատճառով։

Գ.Մակարյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է դիմի ԵԱՏՄ-ին, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է ու բեռները հիմնականում արտահանվում են ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես ՌԴ, Առևտրի համախաշխարհային կազմակերպություն։