«Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ինձ չհանդիպելու հետևանքով ես հաջորդ օրը գլխավոր դատախազություն հաղորդում եմ ներկայացրել»,- ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հետ հանդիպմանը սպասելու ընթացքում լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկով հանդես եկած «Արթուն ենք» քաղաքացիական շարժման նախաձեռնող, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային ժողովում հայտարարված քաղաքացիների ընդունելության շրջանակներում Էդգար Ղազարյանը հերթագրվել էր ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի մոտ ընդունելության համար։ Որոշ ժամանակ սպասելուց հետո ԱԺ աշխատակիցը փոխանցել էր, որ հիմա իրականացվում է քաղաքացիների ընդունելություն, բայց Է.Ղազարյանին չեն ընդունելու. «Ձեզ նպատակահարմար չեն գտնում ընդունել»։
Է. Ղազարյանն ասաց, որ Քրեական օրենսգրքով հոդված կա՝ խտրականություն, իսկ հոդվածի երկրորդ մասով ավելի բարդացնող հանգամանքներ կան՝ պայմանավորված պետական պաշտոնյայի կողմից խտրական վերաբերմունքի ցուցաբերումը։
«Քրեական օրենսգրքի այդ հոդվածով հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին, որպեսզի նախաձեռնվի վարույթ, միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով՝ Ռուբինյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրան այդ գործում որպես մեղադրյալ ներգրավելու համար»,- ասաց Է. Ղազարյանը։