ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանին։
«Եթե խաղաղության պայմանագիրը կապիտուլյացիա է, ապա ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում այն»,- հարցնում է Արսեն Թորոսյանը։
Պատասխանը շատ պարզ է. Ադրբեջանը պարզապես հետաքրքրված չէ միայն այն զիջումներով, որոնք դուք պատրաստվում եք անել։ Նրանք ուզում են ավելի շատ, որովհետև գիտեն՝ դուք տվող եք, հանձնող եք, զիջող եք, և արդեն ապացուցել եք դա ձեր վարքով։
Ալիևը շատ լավ հասկանում է, որ կարող է ստանալ ավելին՝ առանց որևէ պարտավորություն վերցնելու։ Իսկ դուք այնքան կապիտուլյանտ եք, որ նույնիսկ չունեք քաղաքական վճռականություն՝ ապահովելու ձեր իսկ ստորագրած 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը։ Բայց դուք այնքան ապիկար, անհեռատես և հեռու եք դիվանագիտությունից, որ նույնիսկ կապիտուլյացիան, որը ստորագրել էիք, չկարողացաք իրականություն դարձնել։
Ուրեմն ի՞նչ կապ ունի, թե ինչ է պատրաստ ստորագրել Ադրբեջանը, եթե արդեն մի քանի տարի է՝ նրանք անում են այն, ինչ ուզում են՝ առանց հաշվի առնելու, թե ինչ էին ստորագրել՝ անտեսելով որևէ պայմանագիր կամ միջազգային պարտավորություն։
Խաղաղության իրական պայմանագիր նշանակում է նաև կարողություն՝ պաշտպանելու և իրականություն դարձնելու այդ պայմանագրի պայմանները։ Իսկ ձեր «խաղաղության» պայմանագրերով դուք արդեն հանձնել եք Արցախը, Հայաստանի ռազմավարական բարձունքները, Կիրանցը, Սև լիճը, ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք և այլն։ Հերիք է մարդկանց խաբեք. մենք գիտենք ձեր «խաղաղությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Դանիելյանը։