Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի


Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի
Ապրիլ 29 13:16 2025

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։

Կավելաշվիլին ընդգծել է, որ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ համագործակցության համար։ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանն առաջատարների եռյակում է», - ասել է Վրաստանի նախագահը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ «Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի աջակցությունը Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի հարցում»։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստը վերջնական համաձայնեցվել է և պատրաստ է ստորագրման: Ակնկալում ենք, որ կարող ենք համապարփակ խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ: Հայաստանը բարձր է գնահատում Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին աջակցելուն ուղղված՝ Վրաստանի ջանքերը:

Ողջունում ենք համագործակցության երկկողմ և եռակողմ հարթակներ ստեղծելու՝ Հայաստանի նախաձեռնությունները և արժևորում Վրաստանի դերը՝ համագործակցության եզրեր գտնելու, ընդհանուր տնտեսական նախագծեր իրականացնելու հարցում»,- ասել է Խաչատուրյանը:

ՀՀ նախագահը նաև վստահություն է հայտնել, որ Հայաստանն ու Վրաստանը կշարունակեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և ամբողջ տարածաշրջանի:

Կավելաշվիլին Խաչատուրյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։