«Մեր երկրում արդեն կա հաստատված փաստ առ այն, որ իշխանության համար արդարադատությունն ընտրովի է, «աշխատանցնում են» այն ժամանակ, երբ պետք է իշխանությանը»,- Երևանի Պռոշյան-Լեո փողոցների խաչմերուկում ի հիշատակ 2022թ.-ին այս օրը Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենայի վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մոմավառությանը, լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշեց, որ որպես կանոն «արդարադատությունն» անհրաժեշտ է լինում քաղաքական ակտիվություն, պրոցեսներ ճնշելու, մարդկանց ազատությունից զրկելու դեպքում, իսկ բոլոր այն դեպքերում, երբ կա իրականում արդարադաության իրականացնելու անհրաժեշտություն, ինչպես Սոնա Մնացականյանին մահվան վրաերթի գործով, իշխանությունն անտեսում է, «աչքից վրիպում է»։
«Իշխանության համար առհասարակ մարդկային կյանքը գոյություն չունի։ Դա դրսևորվում է ինչպես քաղաքացիական կայնքում, այնպես էլ մեր նահատակների, նրանց ընտանիքների նկատմամբ իրականացվող հետապնդումների, նրանց սխրանքները ոչ պատշաճ գնահատական տալու տեսանկյունից»,- ասաց Տ.Աբրահամյանը։