Հաճախ է հարց հնչում՝ ուր է ԵՄ-ի 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը. Ուզում եմ ասել՝ գալիս է. Արման Եղոյան


Հաճախ է հարց հնչում՝ ուր է ԵՄ-ի 2,6 միլիարդ եվրոյի աջակցությունը. Ուզում եմ ասել՝ գալիս է. Արման Եղոյան
Ապրիլ 16 20:07 2025

ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին փաստաթղթի քննարկման ընթացքում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը իր ելույթում անդրադարձավ զեկույցի մի քանի կետի, ընդգծեց՝ խոսքը մասնավորապես Եվրոպական միության 2,6 միլիարդ եվրոյի աջակցության մասին է՝ նախատեսված ներդրումային պլանով:

Նա նկատեց՝ շատ հաճախ է հարց հնչում՝ ուր է այդ 2,6 միլիարդ եվրոն:

«Ուզում եմ ասել՝ գալիս է: Այս պահի դրությամբ 2,6 միլիարդից, այսպես ասեմ, տեղաբաշխվել է արդեն 1 միլիարդ եվրոն: Տեղաբաշխվել ասելով՝ նկատի ունեմ և՛ արդեն ծախսվել, և՛ արդեն տրամադրվել, կամ և դրա վերաբերյալ համաձայնագիրը կնքված լինել»,- հայտնեց պատգամավորը:

Եղոյանը հիշեցրեց՝ դրա ամենամեծ կտորը վավերացրել են մի քանի ամիս առաջ ԱԺ նիստերի դահլիճում: Խոսքը ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 236 միլիոն եվրո վարկի մասին համաձայնագիրն էր, որը պետք է ծախսվի Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի վրա:

«Եվ դա մի հատվածն է ընդամենը: Հետագայում նաև առանձին համաձայնագիր պետք է կնքվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, որը մենք էլի համարելու ենք այս 2,6 միլիարդի հատված»,- տեղեկացրեց նա:

Եղոյանը նաև հայտնեց, որ մի առանձին համաձայնագիր էլ նախատեսվում է կնքել Ֆրանսիայի հետ Բարգուշատի թունելի կառուցման համար, ևս մեկն էլ՝ Ասիական զարգացման բանկի հետ՝ Սիսիանի կողմի 27-կիլոմետրաանոց հատվածի համար:

«Մնացած գումարը՝ մոտ 200 միլիոն եվրո, արդեն իսկ եկել և արտոնյալ պայմաններով տրամադրվել է մեր առևտրային բանկերին՝ կանաչ տնտեսության մեջ ներդրումների համար: Մոտավորապես 90 միլիոն եվրոն արդեն իսկ տեղաբաշխվել կամ ծախսվել է Երևանի քաղաքապետարանի կողմից: Հիշեցնեմ, որ ընդհանուր թիվն այնտեղ 120 միլիոնն էր: Մի մասն ուղղվել է ՄԱՆ ավտոբուսների ձեռքբերմանը, մյուս մասը՝ 32 մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների վերակառուցման վրա»,- հայտնեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է «Դիմակայունություն Սյունիք» ծրագրին, նշեց՝ եթե չի սխալվում՝ 80 միլիոն եվրոյից 30 միլիոնն արդեն ծախսվել է, 50 միլիոնի պայմանագիրն էլ այս տարի կկնքվի Եվրոպական ներդրումային բանկի հետ: