«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո 12 մարդու հիվանդանոց դիմելու պատմությունը, կարծես, պետք է ավարտվեր ոչ թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մեկ հաղորդագրությամբ, այլ՝ իրավական պատժով։ Բայց՝ ոչ։
Հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելությունից հետո մի շարք մասնակիցներ դիմել էին բժշկական օգնության՝ «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ։
Դեսպանատան հյուրասիրությունը կազմակերպել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Սակայն պատմության ամենաուշագրավ հատվածը սկսվում է այն պահից, երբ պետական մարմինը հրապարակում է լաբորատոր արդյունքները։
«Մարիոթի» խոհանոցում՝ վտանգավոր սնունդ։
Տեսչական մարմնի ստուգմամբ՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ի խոհանոցում վերցված նմուշներից անհամապատասխանություն է արձանագրվել երկու արտադրատեսակի դեպքում։
«Ֆուդ Ռեփաբլիկ» ՍՊԸ-ի արտադրած ապխտած իշխանի ֆիլեն չի համապատասխանել «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների, ինչպես նաև ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների ցուցանիշներով։ Մյուս կողմից՝ «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի հավի ֆիլեն չի համապատասխանել «ախտածին սալմոնելաներ» ցուցանիշով։
Տեսչական մարմինը կարգադրագրեր է տվել այդ խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու և ոչնչացնելու կամ օգտահանելու վերաբերյալ։
Խոհանոցում, ըստ նույն պաշտոնական հաղորդագրության, հայտնաբերվել է նաև ժամկետանց սնունդ՝ «Պանո» տոստի հաց, «Պանո» լոշիկ, հաճարի ալյուր, ինչպես նաև պիտանիության ժամկետ չունեցող պարմայի հաց։ Հայտնաբերված վտանգավոր սնունդը տեղում ոչնչացվել է։
Ուշագրավ ամսաթիվ։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է, որ ստուգման ժամանակ վերցված «Արաքս Թռչնաֆաբրիկա»-ի հավի ֆիլեն արտադրվել է 2026 թվականի հուլիսի 24-ին։ Մինչդեռ ընդունելությունը, որից հետո մարդիկ հիվանդացել են, տեղի է ունեցել հուլիսի 14-ին։
Այսինքն՝ եթե ամսաթիվը տպագրական սխալ չէ, ապա առաջանում է տարրական ժամանակագրական հարց․ ինչպե՞ս կարող էր հուլիսի 24-ին արտադրված հավի մթերքը պատճառ հանդիսանալ հուլիսի 14-ին տեղի ունեցած ընդունելության մասնակիցների հիվանդացմանը։
Սա արդեն ոչ թե լրագրողի, այլ հենց վերահսկող պետական մարմնի պարզաբանման հարցն է, որը չի արել Սննդամթերքի տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Շարքային քաղաքացին պատժվում է, խոշորը՝ ոչ։
Եթե հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք և սննդի անվտանգության պահանջների խախտումներ, ապա ո՞վ է պատասխանատվության ենթարկվել։ Պաշտոնական աղբյուրները լռում են. չկա պատիժ։
Իսկ նմանատիպ այլ իրավիճակներում իրավապահները փութաջանորեն են գործում։
2026 թվականի սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ քաղաքացի Ռուդիկ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա արագ սննդի կետում պատրաստել և իրացրել է անվտանգության պահանջներին չհամապատասխանող շաուրմա, ինչի հետևանքով մի շարք քաղաքացիներ ստացել են սննդային թունավորումներ և աղիքային ինֆեկցիաներ։
Իսկ դեսպանատնից, երբ 12 մարդ հիվանդանոցում է հայտնվել, խոշոր հյուրանոցային համալիրի խոհանոցում հայտնաբերվել են մանրէաբանական պահանջներին չհամապատասխանող սննդամթերք, ժամկետանց և առանց ժամկետի ապրանքներ, որևէ անձի նկատմամբ պատժամիջոցի մասին խոսք չկա։
Ո՞ւմ են պատկանում այն ընկերությունները, որոնք արտոնյալ են։

Արմենիա Մարիոթ հյուրանոցային ցանցը, ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է Նիգողոս Դերսահագյանին։
1996-ից ՀՀ-ում գործունեություն է ծավալում այդ ընկերությունը, որը գրանցված է ԱՄՆ քաղաքացի, Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջում գրանցված քաղաքացու անունով։
«Food Republic»։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց ընկերության ներկայիս իրական շահառուների վերաբերյալ ռեգիստրային տվյալները, որոնք ցույց են տալիս Հովիկ Եսայանի՝ 60.75% և Արսեն Հովհաննիսյանի՝ 39.25% մասնակցություն։

Արսեն Հովհաննիսյանի անունը Food Republic-ի պատմության մեջ նոր չէ։ Նա հրապարակային աղբյուրներում ներկայացվել է որպես ընկերության հիմնադիր և հետագայում նաև «Dom Arena»-ի տնօրեն։
Հենց այստեղից էլ բացվում է մեկ այլ՝ արդեն պետական փողի և արտոնության հետ կապված պատմություն։
Food Republic-ը, Hard Rock-ը և ANIF-ի 48 տոկոսը։
2021-2022 թվականներին Food Republic-ը և Hard Rock International-ը պայմանագիր էին կնքել Երևանում Hard Rock Cafe-ի բացման վերաբերյալ։ Նախագծին միացել էր նաև Հայաստանի ազգային հետաքրքրությունների հիմնադրամի համակարգի ներդրումային ընկերությունը։
Հրապարակային տվյալներով՝ ANIF-ի մասնակցությունը նախագծում կազմել է 48 տոկոս, իսկ «Entrepreneur + State Anti-Crisis Investments Fund»-ը ներդրել էր մոտ 500 հազար դոլար։
Նախագիծը իրականացվում էր «Dom Arena»-ի հետ։ Այդ ժամանակ «Dom Arena»-ի տնօրենը Արսեն Հովհաննիսյանն էր։ Նա հրապարակայնորեն խոսում էր ANIF-ի հետ համագործակցության մասին։
Իսկ այսօր արդեն հայտնի է նաև, որ ANIF-ը լուծարվել է, որտեղ, տարբեր հրապարակումների համաձայն, մսխվել է 25 մլրդ դրամ։
Andersen-ի 2026 թվականի ընկերության պրոֆիլում նշվում է, որ իրենք իրավաբանական աջակցություն են տրամադրել ANIF-ին Dom Arena-ից դուրս գալու գործարքում։
«Արաքս Թռչնաֆաբրիկա»՝ Խաչիկ Խաչատրյանի բիզնեսը։
Երկրորդ խնդրահարույց արտադրողը «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն է։

Բաց աղբյուրներում «Արաքս Թռչնաֆաբրիկան» ներկայացվում է որպես «X Group»-ի կազմում գործող ընկերություն, որի հիմնադիրը գործարար Խաչիկ Խաչատրյանն է։
Այսպիսով, այստեղ ևս խոսքը շուկայի փոքր խաղացողի մասին չէ։
Սակայն կրկին պետք է տարբերակել փաստերը։ Այն, որ «Արաքս»-ի կոնկրետ նմուշը չի համապատասխանել սալմոնելայի ցուցանիշով, փաստ է՝ ըստ Տեսչական մարմնի։ Այն, որ այդ կոնկրետ նմուշը դարձել է հուլիսի 14-ի ընդունելության մասնակիցների հիվանդացման պատճառը, հրապարակված տվյալներով դեռ ապացուցված չէ։
Այսպիսով, «վտանգավոր սնունդը ոչնչացվել է» ՍԱՊԾ պատասխանն այս պատմության անպատասխանատու մասն է։
Իսկ մարդկանց հիվանդացնելու համար պատասխանատո՞ւն ով է և ո՞վ պետք է պատժվի»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում










