Պատրաստ եմ Հայաստանի ժողովրդի անունից իմ ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի տակ, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը պաշտոնական մակարդակով կապում է երկու հարցի հետ։ Առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։
«Բազմիցս ասել եմ, որ դա հասկանալի օրակարգ է Հայաստանի համար, եթե մենք փակում ենք ԼՂ հակամարտության էջը, իսկ մենք դա անում ենք, ի՞նչ իմաստ ունի հակամարտությամբ զբաղվող կառույցի գործունեությունը, բայց ԵԱՀԿ ՄԽ-ն ունի ավելի լայն համատեքստ, ու մենք ուզում ենք համոզված լինել, որ Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը չի դիտարկում որպես Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն Ադրբեջանի տարածքում փակելուն ու ՀՀ ինքնիշխան տարածք տեղափոխելուն ուղղված քայլ։ Մենք Ադրբեջանին առաջարկում ենք խաղաղության համաձայնագիրն ու ՄԽ կառույցները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միաժամանակ»,- հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ հարցը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, պնդումն է, թե «ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»։
«Մենք անկեղծ պետք է հասկանանք խնդրի էությունը, հետևաբար, պետք է արձանագրենք, որ ՀՀ Սահմանադրության տեքստին պաշտոնական մեկնաբանություն տալ կարող է միայն ՀՀ Սահմանադրական դատարանը, այսինքն՝ ՍԴ-ն է այն մարմինը, որ կարող է պաշտոնապես ասել, թե ինչ է պարունակում ու ինչ չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը։ Մեր ՍԴ-ն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության մեջ Ադրբեջանին կամ որևէ այլ երկրին ուղղված տարածքային պահանջներ չկան»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, որ Հայաստանն է Ադրբեջանի Սահմանադրության մեջ տեսնում տարածքային պահանջներ մեր երկրի նկատմամբ։
«Բայց մենք այդ հարցը չենք բարձրացնում, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագրի նախագծում կան անհրաժեշտ ձևակերպումներ, որոնք լուծում են խնդիրը՝ արձանագրելով, որ կողմերը միմյանցից տարածքային պահանջներ չունեն ու պարտավորվում են ապագայում ևս նման պահանջներ առաջ չքաշել»,- նշեց վարչապետը։