«Չեմ նահանջելու». ՔՊ-ից ով է պատվեր տալիս Հայկ Սարգսյանի դեմ


«Չեմ նահանջելու». ՔՊ-ից ով է պատվեր տալիս Հայկ Սարգսյանի դեմ
Ապրիլ 14 18:01 2025



Ես կցանկանայի, որպեսզի աղբյուրը նշեք և աղբյուրն էլ նշի ով է իր տեղեկատվության աղբյուրը որպեսզի հասկանալի լինի, թե ինչ տեղեկատվության մասին է խոսքը, որպեսզի կարողանամ մեկնաբանել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների՝ ՔՊ վարչության դեռ նախորդ նիստում պետք է քննարկվեր իր հետ կապված հարցը, քանի որ թիմակիցներից որոշակի դժգոհություններ են եղել:

Նա ընդգծեց, որ պատվերով զրպարտող և վիրավորող հոդվածներ են տպագրվում և պատվիորղները այն մարդիկ են, որոնք փորձում են խանգարել իր գործունեությանը, որը հաճախ խաչվում է պատվեր տվող անձանց շահերի հետ։

«Եթե այդ մարդիկ այդքան ազնվություն ունեն, թող դրա մասին ավելի պարզ խոսեն և ոչ թե ինչ-որ լրատվական կայքերի միջոցով փորձեն ինչ-որ բաներ տպագրեն, դրանով փորձելով ինձ խանգարել, նշեմ, որ դա չի ստացվելու»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին՝  բուքմեյքերական գործունեության վերաբերյալ իր նախագծի, նաեւ ծառահատումների հետ կապված հարցերը ինչ-որ մարդկանց շահերի՞ն է կպել, որ նման խնդիրներ են առաջացել, Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Իմ գործունեությունը միտված է պաշտպանելու Հայաստանի Հանրապետության շահերը և ՀՀ քաղաքացիների մեծամասնության շահերը։ Թե դրա արդյունքում ինչ հանցագործներ կամ ինչ պատվեր կատարող անձինք են տուժում, դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ինձ հետաքրքրում էին, որ մեր պետությունը պետք է զարգանա, ծառեր պետք է Հայաստանում չհատվեն, առողջ ծառեր ունենանք, պետք է բուքմեյքերական գործունեությունը և շահումով խաղերը հարկվեն հնարավորինս բարձր դրույքաչափերով, որպեսզի այդ գումարը մենք ծառայեցնենք մեր երկրի քաղաքացիների շահերին, բարձրացնենք կենսաթոշակներ, աշխատավարձեր, կառուցենք ենթակառուցվածքներ, որոնք կծառայեն մեր քաղաքացիներին: Այդ գումարները՝ միլիարդավոր դրամները, եթե չասեմ դոլարները, որ այդ ընկերությունները աշխատում են, մեր քաղաքացիների գրպանից է գնում և դրանից ծիծաղելի հարկեր են առաջանում»:

Հայկ Սարգսյանը վստահեցրեց, որ չի նահանջել այս գործունեությունից եւ չի նահանջելու. «Առաջիկա տարիներին շարունակելու եմ աշխատանք տանել, որպեսզի ինտերնետ շահումով խաղերը շարունակեն հարկվել ավելի բարձր դրույքաչափերով և նաև սահմանափակումներ մտցնեն, որ մեր քաղաքացիների մի մասը գոնե չկարողանա խաղալ և վատնել իր գումարները:

 

Վարչապետն այս հարցերում աջակցում է, առանց վարչապետի աջակցության հնարավոր չէ Հայաստանում որևէ լավ գործ կատարել: Ես շնորհակալություն եմ հայտնել երկրի ղեկավարին իր աջակցության համար՝ ի շահ մեր պետության»: