ՔՊ կուսակցության նախկին անդամ Թաթուլ Ասիլյանին Մոսկվան արտահանձնում է Երևանին։ Այսօր տեղի է ունենալու տեղափոխման գործընթացը։ Տեղեկությունը Factor.am-ին հայտնել են Ասիլյանի ընտանիքից։
Գլխավոր դատախազությունից էլ Factor.am-ին հայտնել են, որ միջնորդությունը բավարարվել է ՌԴ գլխավոր դատախազության կողմից։ Թաթուլ Ասիլյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս հոդվածը ենթադրում է կաշառք ստանալը, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ՝ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը։ Այս հոդվածով սահմանվում է պատիժ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով։
ՌԴ իրավապահները հայ գործընկերներին 2024-ի սեպտեմբերին տեղեկացրել էին, որ հետախուզման մեջ գտնվող Ասիլյանը Ռուսաստանում է, կալանավորվել է։ Նրա նկատմամբ հետախուզում հայտարարվել էր 2024-ի մայիսի 31-ին։
Factor.am-ն ավելի վաղ գրել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել, որի հիմքում ենթադրյալ կոռուպցիոն գործարքի մասին տեղեկություններն են։ Խնդիրն առնչվում է կառուցապատման ոլորտի ներկայացուցիչներից խոշոր չափի գումար վերցնելուն և շինաշխատանքերի հետ կապված որոշակի գործընթացներ առաջ մղելուն։ Կուսակցության մի քանի ներկայացուցիչներ Factor TV-ին փոխանցել էին, որ ՔՊ վարչության նիստի ժամանակ Փաշինյանի հետ ունեցած քննարկման ընթացքում որպես ենթադրյալ կաշառքի չափ նշվել է մի քանի հարյուր հազար դոլարը։ Ենթադրյալ կոռուպցիոն գործարքը բացահայտվել է, երբ կառուցապատման ոլորտին առնչվող մի տնտեսվարող գնացել է ՔՊԿ գրասենյակ և ցանկացել հանդիպել Նիկոլ Փաշինյանին։ Թաթուլ Ասիլյանը ավելի վաղ հերքել էր իր ներգրավվածությունը կոռուպցիոն որևէ գործարքում։