Միրզոյանը Թուրքիայում Միացյալ Թագավորության պետնախարար Դոութիի հետ է հանդիպել


Միրզոյանը Թուրքիայում Միացյալ Թագավորության պետնախարար Դոութիի հետ է հանդիպել
Ապրիլ 11 18:50 2025

ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել․

«Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և առավել խորը համագործակցության զարգացման համար, և մենք շարունակում ենք համատեղ ջանքերն այդ ուղղությամբ»,- ընդգծել է նախարար Միրզոյանը։ 

Արարատ Միրզոյանը և Ստեֆան Դոութին մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ կողմից արտահայտված հստակ դիրքորոշումը՝ որպես Հարավային Կովկասում կայունության հաստատման կարևոր հանգրվան: Անդրադարձ է կատարվել մարդասիրական բնույթի հարցերի։

Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր»: