Արցախցիները պետք է խմբեր կազմեն իշխանության հետ բանակցելու համար. ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակություն էր. Արա Պուլուզյան


Արցախցիները պետք է խմբեր կազմեն իշխանության հետ բանակցելու համար. ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակություն էր. Արա Պուլուզյան
Ապրիլ 8 15:47 2025

Ազատության հրապարակում տեղի ունեցավ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հանդիպումը ՀՅԴ անդամների հետ:

Հանդիպումից հետո քննարկվող նյութը լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:

Նրա խոսքով՝ բավականին արդյունավետ քննարկում է եղել: «Նախ և առաջ ներկայացվեց այն աշխատանքները, որ տարվում է, այն հեռանկարը, որ ունեն այս շարժման, այս բողոքի ակցիայի շարունակության իմաստով: Մեր առաջարկները տվեցինք՝ ինչպես կարելի է շարունակել պայքարը, ինչպես կարելի է համախմբումն ավելի ընդարձակել ու լայնացնել: Բացի սոցիալական հարցերից, կարևորեցինք նաև քաղաքական և իրավական հարցերը: Մեր կարծիքով՝ պետք է խմբեր կազմվեն, որոնք  բանակցությունների մեջ կմտնեն իշխանությունների հետ»,- ասաց նա։

Նա նշեց, որ համախմբման պրոցեսն ոչ մի տեսակի պայքար չի բացառում: «Փողոցային պայքարները, իհարկե, իրենց տեղն ունեն, որպես ճշման միջոց, բայց հիմնականում նաև պիտի լինեն խորհրդակցություններ, բանակցություններ,  հարցի դրական լուծման համար դրանք անհրաժեշտ են։ Հիմնական խնդիրներից են՝ քաղաքացիության հարցը, մի շարք գույքային՝ անշարժ և շարժական գույքերի հարցերն են, ընդհանրապես այդ խտրականության հարցն է, որ արցախցիների ու հայաստանցիների մեջ դրվում է և, դժբախտաբար, իշխանությունների կամ իշխանությունների մոտիկ շրջանակների կողմից անընդհատ հրահրվում է»,-նշեց Պուլուզյանը:

Անդրադառնալով ԱԳՆ վերջին հայտարարությանը, նա նշեց. «ԱԳՆ վերջին հայտարարությունը խայտառակ հայտարարություն էր, որն ինքն իրեն էր հակասում, որովհետև մի տարի առաջ բոլորովին այլ պատասխան էին տվել, հիմա այլ պատասխան են տալիս: Դրա հետապնդումը թե՛ գերիների ու պատանդների և թե՛ դատավարությունների, անօրինական դատավարությունների, ինչու չէ նաև վերադարձի հարցը, Արցախցիների վերադարձի հարցը, արտաքին քաղաքականության մեջ գերակա խնդիրներ պիտի լինեն Հայաստանի Հանրապետության համար: Բայց նրանք ժխտում են այս խնդիրները»:

Հարցին՝ այդքանից հետո ի՞նչ ակնկալիքով պետք է արցախցիները երկխոսեն իշխանության հետ, Պուլուզյանն ասաց. «Համենայնդեպս պիտի իրենք իրենց փաստարկները բերեն: Իհարկե, այլ հարթակներ էլ միշտ գոյություն ունեն: Ես ձեզնից չեմ թաքցնի, Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն այդ ուղղությամբ բավականին ակտիվ աշխատանք են տանում: Մոտ օրերում կտեսնեք այդ աշխատանքի արդյունքները: Հուսով եմ, որ կկարողանանք այդ ճնշման միջոցով նաև Հայաստանի իշխանություններին ինչ-որ ճնշման ենթարկել, որ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը տեղ գրավի։

Իհարկե, շատ հույս չունեմ, այդ հարցը որևէ դրական լուծում ունենա, որովհետև միտումները արդեն երևում են՝ անընդհատ պարտվողական, զիջողական, դասալքության քաղաքականությունը երևում է այս իշխանությունների, բայց համենայնդեպս պետք է այդ լծակներն օգտագործել արտաքին քաղաքականության, մեր դեսպանությունների, մեր դիվանագիտական շրջանակների, որը որոշ տեղեր արդյունք տալիս է։ Իհարկե, ոչ բացահայտ»։