Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ ուղղությամբ։
Ինչպես հայտնում է «ԱՊԱ»-ն, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են, որ պետական սահմանի սահմանազատման գործընթացն իրականացվելու է հյուսիսից հարավ՝ սկսելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։
«Ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովի կազմը մնում է անփոփոխ։ Հանձնաժողովը գլխավորում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ Հանձնաժողովների հանդիպումներն ու քննարկումները պարբերաբար անցկացվում են։ Հայաստանում համապատասխան հանձնաժողովը նույնպես գլխավորում է փոխվարչապետը»,-նշել է Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ անցած ժամանակահատվածում երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։
«Կա պայմանավորվածություն այն մասին, թե որ ուղղությունից պետք է սկսվի և այնուհետև շարունակվի մեր ընդհանուր սահմանի սահմանազատման գործընթացը։ Կա համաձայնություն և փոխըմբռնում, որ աշխատանքները կսկսվեն սահմանի առավել բարդ՝ հյուսիսային հատվածից՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, և կշարունակվեն հյուսիսից հարավ»,-հայտարարել է նա։
Ջեյհուն Բայրամովը ընդգծել է, որ ավելի կոնկրետ հարցերը կքննարկվեն սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում, և ակնկալվում է, որ դրանց վերաբերյալ որոշումներ կկայացվեն։










