Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԵՏՍԿ ներկայացուցչի և ԵՄ դեսպանի հետ խոսել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրի մասին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը ԵՏՍԿ ներկայացուցչի և ԵՄ դեսպանի հետ խոսել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների խնդրի մասին
Մարտ 31 23:11 2025

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի (ԵՏՍԿ) Արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունության, սոցիալական արդարության և իրավունքների պաշտպանության գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ մասնավոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանված արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությանը։

Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգությունն արտահայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ գերիների առնչությամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրության կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության կանխման և տարածաշրջանում խաղաղության վերահաստատման հարցում։

Իր հերթին տիար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ընդունելության համար, անդրադարձավ կոմիտեի ծրագրերին, ինչպես նաև Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական երկխոսության խթանման հեռանկարներին։