ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․
«Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեցին անհետ կորած մեր հայրենակիցների հետ 5,5 ժամ տևած փակ լսումները, որին մասնակցում էին ուժային կառույցների ղեկավարներ, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Որքան էլ տարբեր պաշտոնյաներ փորձում էին անուղղակի համոզել, որ անհետ կորած մեր հայրենակիցների փնտրտուքի կամ ճակատագրերը պարզելու վերաբերյալ որոշակի աշխատանք է տարվում, այնուամենայնիվ առկա իրողություններն ու հարցուպատասխանը ճիշտ հակառակի մասին են խոսում:
Թեև անհետ կորած մեր քաղաքացիների հարազատները բազմաթիվ հարցադրումներ անելու և մեկնաբանություններ հնչեցնելու առիթներ ունեցան, սակայն, իմ տպավորությամբ, իրավասու պաշտոնյաները ավելի շատ գործի իմիտացիա էին ներկայացնում, քան բավարարում իրենց ուղղված օբյեկտիվ պահանջները:
Ընդհանուր մթնոլորտը հասկանալիորեն էմոցիոնալ էր, որովհետև անհնար է սառնասրտորեն վերաբերվել երկրի պաշտպանությանը մեկնած և սեփական օջախներ չվերադարձած անձանց շուրջ ստեղծված անորոշությանը և նրանց հարազատների ծանր ապրումներին»: