Եկեք չասենք գյուղացիներին աջակցում ենք, ես համոզվում եմ՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում՝ վարում ենք, ցանում ենք, հնձում ենք. Փաշինյան


Եկեք չասենք գյուղացիներին աջակցում ենք, ես համոզվում եմ՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում՝ վարում ենք, ցանում ենք, հնձում ենք. Փաշինյան
Մարտ 27 12:43 2025

2018թ.-ից մեր էվոլյուցիան պետք է գնահատենք, որովհետև մենք այն ժամանակ եկել էինք, ասում էինք՝ ժողովրդական իշխանություն ենք, փոքր հողակտորներին աջակցելու ծրագրեր պետք է անենք։ Բայց ինչ ծրագիր ասես արեցինք, հետո բյուջեի կատարողականը բացում ենք, տեսնում ենք 1 տոկոս, 5 տոկոս, չկա հետաքրքրվածություն. Կառավարության նիստին «Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիրը հաստատելու մասին» հարցի քննարկմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

Նա այդ համոզման է հասել Արմավիրի մարզում միջինից ցածր ապրող գյուղացիների հետ խոսելով։ «Հիմա եթե էտ խոսակցությունը չլիներ, ես ելույթ էի ունենալու և ասեի, որ մենք մեր գյուղացիներին աջակցում ենք, քաջալերում ենք, բայց հիմա էն մարդիկ, որոնց հետ ես շփվեցի, այս ծրագիրը նրանց հետ ոչ մի կապ չի ունենալու»,-ասաց նա։

Ըստ նրա՝ գյուղատնտեսական աջակցության ծրագրերը լավ են հնչում, բայց դրանք գյուղացուն չեն հասնում։  «Չի ստացվում մեր երկխոսությունը նրանց հետ, այս ծրագրերը չեն հանում նրանց՝ էտ վիճակից։ Մարդկանց մտածելով, որ ով սև ցուցակում չի, իր չափանիշով՝ հարուստ է, ուրեմն նրանն է այս ծրագիրը»,-ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց՝ ինքն այս ծրագիրը լավը չի համարում։

«Էս ծրագիրը իմ տեսած գյուղացիներից ոչ մեկի հետ կապ չունի, զրո՛, սա միջին և խոշոր ֆերմերներին աջակցելու ծրագիր է։ Եկե՛ք չասենք՝ գյուղացիներին աջակցում ենք։ Սա զարգացման ծրագիր չի ու մեր զարգացման ծրագրերը չեն աշխատում, կամ էլ աշխատում են հատվածական։ Ես էլի եմ համոզվում՝ մենք գյուղատնտեսություն ենք անում կաբինետներում, վարում ենք, ցանում ենք, հնձում ենք, պարարտանյութեր ենք տալիս։ Վերլուծություն անում՝ կաբինետներում»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ գուցե այս ծրագիրն այս տարի էլ ընդունեն. «Բայց գուցե ավելի լավ է, մի մանկապարտեզ կառուցենք։ Բանաձևերով արդյունավետ է, գնում ենք, տեսնում՝ կյանքում չի աշխատում, մենք մարդուն չենք հասնում»,-ասաց նա։