Իմ դեմ ցուցմունք տվող Սլավիկ Պողոսյանի նկատմամբ իրականացվում է դատավարություն՝ վարորդական իրավունքների հետ կապված մեղադրանքների հիմքով։ Ես և Սլավիկ Պողոսյանը ցուցմունք ենք տվել, որ Սևանում զրուցել ենք երկուսով, Աշոտիկ Կամավոսյանը ցուցմունքում ասել է, որ զրուցել ենք երեքով և դա հիմնավորվել է նույն ալեհավաքի տակ գտնվելու հիմքով, ԱԺ-ում իր եզրափակիչ խոսքում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Աղազարյանը ևս մեկ անգամ պնդեց՝ Սլավիկ Պողոսյանի հետ Սևանում զրուցել է առանձին. «Սևանում ես անց եմ կացրել իմ հանգիստը՝ ինչպես միշտ։ Ալեհավաքի «հզոր» արգումենտին որպես հակադարձում ես չեմ բացառում, որ 15-20մ հեռավորության վրա Պողոսյան Սլավիկի մեքենայում, միգուցե, նստած է եղել Աշոտիկ Կամավոսյանը, որը եկել է վերահսկելու, թե իր փեսայի փողերն ուր են գնում։ Աշոտ անունով մարդու ես հանդիպել եմ Սիրահարների այգում և դա եղել է առաջին ու վերջին անգամը։ Աշոտիկ Կամավոսյանին, ով հանդիսանում է Սլավիկ Պողոսյանի աները, առաջին անգամ հանդիպել եմ առերեսման ժամանակ»։
Աղազարյանը հավելեց, որ հիմա ԱԺ-ն կարևոր որոշում պետք է կայացնի.«Ինչքան էլ պարոն Կոնջորյանը քննադատում է ընդդիմադիր գործընկերներին, որ նրանք ինձ որպես տաշեղ օգտագործում են, համաձայն եմ, բայց ոչ թե տաշեղ։ Այդ վիրավորական բառի համար հիմա պատասխանը կստանա պարոն Կոնջորյանը։ Ես չեմ հրաժարվում մանդատիցս, ինձ զրկում են։ Շնորհակալ եմ պարոն Արծվիկ Մինասյանին՝ ճիշտ մեկնաբանելու համար։ Էհ, զրկում են, թող զրկեն, աշխարհը չքանդվեց։ Իմ անձնական վերաբերմունքը Կոնջորյանի նկատմամբ խիստ դրական է, ի տարբերություն որոշ մի քանի հոգու։ Բայց Դուք կարո՞ղ եք երդվել, որ վարչապետը չի հանձնարարել տիկին դատախազին, կարո՞ղ եք երդվել, դե կերդվեք հարմար պահի»։