Ամենևին էլ Աղազարյանին չեմ պաշտպանում, բայց սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. Արծվիկ Մինասյան


Ամենևին էլ Աղազարյանին չեմ պաշտպանում, բայց սա ակնհայտ քաղաքական հետապնդում է. Արծվիկ Մինասյան
Մարտ 27 11:10 2025

Սա ակնհայտ, դասական քաղաքական հետապնդում է: Այս մասին ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ ամենևին էլ Աղազարյանին չի պաշտպանում, քանի որ վերջինս կիսում է գործող իշխանության բոլոր արարքները:

«Այս հետապնդումը գործադրվում է բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն կամ կառարկեն ձեզ համար գլխավոր ասողի խոսքին: Դա այսօր հատկապես կիրառվում է ընդդիմության նկատմամբ: Ընդդիմադիր որևէ պատգամավոր չկա, որի նկատմամբ չի արվել նման փորձ իրավապահ մարմինների կողմից ու շարունակվում է: Սա ոչ թե իրավական, ժողովրդավարական պետության սա դասական բռնապետության դասական իրավունքի հերն անիծող վարքագծի օրինակ է»,- ասաց նա:

Դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ Մինասյանն ասաց, որ սա ևս մեկ ապացույց է, որ նա լիազորությունները ծառայեցնում է քաղաքական հաշվահարդար տեսնելու ուղղությամբ:

«Ես համոզված եմ, որ բոլոր հիմնավորումները, որոնք ներկայացնում եք Հովիկ Աղազարյանի և այլ ընդդիմադիրների վերաբերյալ մեծամասնության շատ և շատ պատգամավորների հեռախոսները լսելու, նամակագրությունները նայելու, նրանց գրագրություններն ուսումնասիրելու դեպքում տասնյակ հատորներով գործեր պետք է հարուցեիք:

Դա կոպտագույն սխալ է, Դուք բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում են իշնախությանը, նրանց մասով մանրակրկիտ այս ճանապարհը բռնած գնում եք: Իշխանության ներկայացուցիչները, որոնք հլու հնազանդ ենթարկվում են ցուցումների ու sms գրառումների, նրանց նկատմամբ չեք անում, կամ անում եք, դարակներում է դրված, որոնք հետագայում պետք է հանեք ու ներկայացնեք, երբ զգաք որոշակի օբյեկտիվության ու ճշմարտության դաշտ են ուզում գնալ մեր մեծամանսության ներկայացուցիչներից ոմանք»,- շեշտեց նա: