«7 տարի շարունակ մեր հայրենակիցները տարբեր խոստումներ են լսում, բայց ոչ մի խոստում էլ չեք կատարել»,- ԱԺ-ում հարց ու պատասխանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ գործող իշխանությունն արհավիրք է բերել մեր ժողովրդի գլխին:
« Ուրեմն քիչ չի Արցախ էս պահին գոյություն չունի, մի հատ էլ էստեղից գալիս եք հայտարարում, որ Արցախի հարց չկա: Հազարամյակներով որ էդ մարդիկ՝ մեր հայրենակիցները, ապրել են այնտեղ, չկա: Հիմա նորից էլի ընտրություն կլինի, էլի կգնաք, կմանիպուլացնեք, տարբեր բաներ կասեք, կխոսաք, կասեք՝ իրական Հայաստանից ենք խոսում, կխաբեք»,- իր խոսքում նշեց պատգամավորը։ Անդրադառնալով սահմանային խնդիրներին Դանիելյանն ասաց․ « Տեղ գյուղի օրինակը ամենացուցիչ օրինակն է, որը տեղի է ունեցել վերջերս: Դուք ձեր ներսում չեք կարողանում հասկանալ՝ աջ ձեռքը որտեղ է, ձախը՝ որտեղ: Նրանք իրար հետ չեն կարողանում, էդ ստրուկտուրաները չեն աշխատում, և դրա պատասխանատվությունը կրում եք դուք: Եվ հերիք է մեզ սովորեցնեք՝ ինչ ուտել, ինչ քշել, ինչ հագնել, ինչ սովորել: Հոգնել ենք արդեն դրանից: Կամ ինչ է պետք, ինչը չի պետք, իրական, ոչ իրական: Դուք արդեն հասել եք նրան, որ հեսա 2 նիստ հետո կարող է Կաթողիկոսի պարտականություններն էլ վերցնեք ձեր վրա։ Հարցս հետևյալն է՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացը հիմա ինչ փուլում է»։
Հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց․
«Սովորաբար հոգնածների համար մի պրոցեդուրա կա՝ էդ հանգստանալն է: Հոգնած եք՝ հանգստացեք»։
Դանիելյանը տեղից արձագանքեց․ «Ձեզնից եք հոգնել»։
Փաշինյանը պատասխանեց․ «Ինձնից՝ հանգստացեք: Եթե հոգնել եք ինձնից, ինչու եք հարց տալիս, հարց մի տվեք, որ ավելի չհոգնեք»։ Ինչ վերաբերում է սահմանազատման գործընթացին, ապա Փաշինյանն այս հարցի վերաբերյալ ևս ասելիք չուներ։
«Հանձնաժողովները աշխատում են, հայտարարությունները արել են էն, ինչ որ պիտի անեին: Այսինքն՝ ինչ որ արդեն համաձայնեցված է՝ հրապարակվել է: Եթե նոր բան կլինի հրապարակելու, կհրապարակվի: Գործընթաց կա, աշխատում են, բայց դեռևս հրապարակելու բան չկա»: