Սարիկ Մինասյանի կողմից նախընտրական քարոզչության առերևույթ խախտման դեպքերը պատկան մարմինների կողմից մնում են անարձագանք


Սարիկ Մինասյանի կողմից նախընտրական քարոզչության առերևույթ խախտման դեպքերը պատկան մարմինների կողմից մնում են անարձագանք
Մարտ 26 21:26 2025

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից նախընտրական քարոզչության առերևույթ խախտման դեպքերը պատկան մարմինների կողմից մնում են անարձագանք, իսկ դրանց վերաբերյալ հայտարարությունները որպես հաղորդում չեն դիտարկվել։ Այս մասին գրում է  «Փաստինֆո»-ն ՝ հիշեցնելով, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ «Հայաքվե» դիտորդական առաքելությունն արձանագրել էր Սարիկ Մինասյանի կողմից նախընտրական քարոզչության խախտում։

«Գյումրու համայնքի ավագանու ընտրությունների «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները: Վերջինս՝ իր ֆեյսբուքյան սոցիալական ցանցում տարածել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապահաշինարարական աշխատանքների վերաբերյալ հայտարարությունը՝ «Գյումրիում չնորոգված փողոցներ չեն լինելու» մեկնաբանությամբ, ակնհայտորեն ծառայեցնելով պետական միջոցները՝ որպես նախընտրական քարոզչական խոստում»,- արձանագրել էր դիտորդական առաքելությունը։

Այս հայտարարությունը, սակայն, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որպես հաղորդում չի դիտարկել։ «Ընտրությունների, այդ թվում քարոզչության ընթացքում տեղի ունեցող գործընթացներին ԸԸՀ անդրադառնում է համապատասխան դիմումի առկայության դեպքում կամ սեփական նախաձեռնությամբ, մամուլի հրապարակման կամ Հայտարարության մեջ նկարագրված երևույթում առերևույթ ԸՕ խախտման կասկածներ ունենալու դեպքում։ Կոնկրետ ձեր կողմից մատնանշված հարցի առնչությամբ թիվ 31 ԸԸՀ-ն դիմում չի ստացել»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են ԿԸՀ-ից։ Իսկ թե ինչու դիտորդական կազմակերպության հայտարարությանը ընթացք չեն տվել՝ չպարզաբանեցին։

Նշենք, որ այս պահին Սարիկ Մինասյանը, քաղաքապետի թեկնածու լինելուց զատ՝ նաև Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Համայնքապետարանից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ Սարիկ Մինասյանն արձակուրդում է՝ մարտի 17-ից։