ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար. Փաշինյան (Տեսանյութ)


ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար. Փաշինյան (Տեսանյութ)
Մարտ 26 18:55 2025

«ԱՄՆ  պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի առաջին արձանագրումը մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ հետաքրքության վերահաստատումն էր ու արձանագրումը, որ այդ օրակարգը շարունակում է նույնքան հրատապ լինել ԱՄՆ գործող վարչակազմի համար»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցին։

Փաշինյանն ասաց նաև, որ քննարկված երկրորդ թեման տարածաշրջանային իրավիճակն է եղել, մասնավորապես՝ խաղաղության գործընթացը․ «Պետքարտուղարը ևս արձանագրեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը  և բանակցությունները հաջողությամբ ավարտվելը։ Երկուսս էլ այն կարծիքին էինք, որ այդ արդյունքը չպետք  է կորսվի, և համաձայնագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի ու վավերացվի»։

Փաշինյանի խոսքով՝ հեռախոսազրույցի ժամանակ իրենք նաև արձանագրել են, որ որևէ էսկալացիա տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։  

Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի ժամանակավոր բացմանը, ապա Փաշինյանը նշեց, թե «կարևոր իրադարձություն էր, բայց աննխադեպ չէր»։ Մյուս կողմից նա մեծ իրադարձություն համարեց այն, որ 2025 թվականի մարտի մեկի դրությամբ ՀՀ  մուտքի և ելքի բոլոր կետերը գտնվում են ՀՀ սահմանպահ զորքերի վերահսկողության ներքո։

Փաշինյանը շնորհակալություն հատնեց ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերին ՝անկախությունից ի վեր մեր սահմանային ծառայությունն իրականացնելու համար։

«Այլևս ունակ ենք այդ ինքնիշխան գործառույթը մենք իրականացնենք»,-ասաց նա։