ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ խիստ դատապարտելի է։ Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այս անգամ պետք է քայլեր ձեռնարկվեն նրան պատասխանատվության ենթարկելու համար, այլապես նման դեպքերը դարձել են շարունակական։
«Այն, որ Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, բացարձակապես, չի համընկնում պատգամավորի գործունեության և երաշխքիների մասին օրենքով պայմանավորված նորմերին, միանաշանակ է, խախտել է լրագրողի մասնագիտական գործունեության ազատության իրավունքը, խտրական վերաբերմունք դրսևորել լրագողների նկատմամբ, ինչը սահմանադրական արգելք է։
Անդրանիկ Քոչարյանը նաև սեքսիզմզն բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, ինչը ևս խտրական վերաբերմունք է, իսկ խտրական վերաբերմունքը Հայաստանի Սահմանադրությամբ արգելված է։ Հետևաբար, պատգամավորը պետք է կրի պատասխանատվություն»,- ասաց Թ.Թովմասյանը։
Նրա խոսքով, եթե իշխող խմբակցությունն ուզում է այդ խարանից ազատվել, դրա պատասխանատվության տակ չմտնել, ուրեմն պարտավոր է ընդառաջի և էթիկայի հանձնաժողովի ձևավորման համար տա համապատասխան քանակի պատգամավորներ։
«Խորհրդարանի ներսում պետք է պայքարել, որ Անդրանիկ Քոչարյանը զրկվի պատգամավորական մանդատից լրագրողի հետ անհարգալից խոսելու, լրագրողի հետ խուլիգանական վարքագիծ դրսևորելու համար»,- ասաց Թ. Թովմասյանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Tribune.am» կայքի լրատվական ծառայության ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանին պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, իսկ երբ լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ այդ վերաբերմունքի առնչությամբ, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։