Արամ Մկրտչյանն իմ սանիկն է, 8000 դոլար պարտքով փող էր տվել, վերադարձրել եմ, բայց հեռախոսազրույցներից պարզվել է, որ իմ անունը տվել ՝ իբրև թե 23 000 դոլար փող է տվել. Աղազարյան


Արամ Մկրտչյանն իմ սանիկն է, 8000 դոլար պարտքով փող էր տվել, վերադարձրել եմ, բայց հեռախոսազրույցներից պարզվել է, որ իմ անունը տվել ՝ իբրև թե 23 000 դոլար փող է տվել. Աղազարյան
Մարտ 26 15:02 2025

ՔՊ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարեց, թե իր դեմ հարուցված քրեական գործը բացվել է այլ գործերից. «երկու հատ շատ ծանր մեղադրանքներով գործերից»։

«Երկու հոգի մի տեղ իրար հետ խոսել են, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են: Երբ ես ծանոթացա նյութերին, պարզվեց, որ ուրիշ բաներ էլ են տեղի ունեցել, որի մասին իմ ելույթում կասեմ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ ինքը ցուցմունքներում չի ժխտել, որ գումար է վերցրել՝ Աղազարյանն ասաց. «Արամ Մկրտչյանն իմ սանիկն է, 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառա իր հարսանիքի քավորը: Եվ երբ որ ես տուն էի վերցրել հիփոթեկով, վերանորոգման համար, մենք ընտանիքներով շփվում էինք, տեսա, որ որոշակի դժվարություններ ունեմ, տարբեր չափերով 8000 դոլար ինձ պարտքով փող է տվել, որը փաստաթղթավորված ես վերադարձրել եմ իրեն: Երբեք ինքը ինձ չի ասել՝ 23 000 դոլար պարտք եք, պարո՛ն Աղազարյան: Հեռախոսի բան է հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել՝ 23 000 դոլար, իբրև թե, և ինքը չի արել այդ գործը, փողն էլ հետ չի տալիս»։

Աղազարյանը նշեց, որ հետագայում պարզվել է, որ Արամ Մկրտչյանը հինգ տարի դատապարտված է եղել, հիմա էլ նրա վրա դատ է գնում, փախուստի մեջ է։

«Մարդկանց խաբել է, մի քանի հոգու ես փրկել եմ, փաստորեն, իր հետ ծանոթանալով։ Դարձանք քավոր, հետո նոր իմացանք: Վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է դա, մոտ, կարծեմ, մի 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել, և այդ գործով Հակակոռուպցիոն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսազրույցները, եւ այդտեղից պարզվել է, որ իմ անունը տվել են»,-ասաց նա: