ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր վերաբերյալ գործով մանրամասներ հայտնեց։
Նա հայտարարեց, որ 2023 թվականի օգոստոսի 8-ին ինքը հանգստանալիս է եղել Սևան քաղաքում, որը Սևանա լճի կողքին է։
«Ես չեմ գնում Սև ծովեր, Եվրոպաներ, ամեն տարի մեծագույն հաճույքով հանգստանում եմ Սևանում, զանգում է Սլավիկ Պողոսյանն ու ասում, որ շտապ խոսելու բան կա։ Եկավ Սևան, ճանապարհի եզրին մեքենան կանգնեցրեց, դուրս եկավ ու մենք զրուցեցինք։ Ինձ ասաց, թե ընկեր ունի, ով Էմիրաթների հետ կապ ունի ու կարող են ոչխարներ արտահանել, բայց խնդիր կա՝ ոչխարները, երբ արտահանում են, կարանտին կա, տեղափոխում են, ոչխարները քաշ են գցում։ Ինձ ասաց, թե հնարավո՞ր է խնդրել համապատասխան մարմիններին, որ կարանտինային գործընթացներն անցկացնեն ոչխարների տեղակայման վայրում։ Կներեք, մի քիչ գինովցած էի, ասացի՝ չեմ կարող միանգամից պատասխանել, կճշտեմ, կպատասխանեմ»,- պատմեց Աղազարյանը։
Նա նշեց, որ ինքն ու Սլավիկ Պողոսյանը Սևանում զրուցել են երկուսով, Աշոտիկ Կամավոսյանը չի մասնակցել զրույցին։
«Դատախազն ասում է, որ Աղազարյանի հիմնավորումներն արժանահավատ չեն, որովհետև ապացուցված է, որ Աշոտիկ Կամավոսյանի, Հովիկ Աղազարյանի ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսները սպասարկվել են նույն ալեհավաքում, մի ալեհավաքը չի սպասարկում 5 քառակուսի մետր տեղ, սպասարկում է շատ ավելին, միգուցե, Աշոտիկ Կամավոսյանը մեքենայում նստած է եղել, ո՞նց եք խոսքերս անարժանահավատ գնահատում»,- ընդգծեց Աղազարյանը։
Պատգամավորն ասաց, որ Աշոտիկ Կամավոսյանին առաջին անգամ հանդիպել է առերեսման ժամանակ։ Հետագայում, երբ Աղազարյանը կրկին հանդիպել է Սլավիկ Պողոսյանին, նրա հետ եղել է Աշոտ, բայց՝ ոչ Կամավոսյան։
Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ այս գործի շրջանակներում ինքը գալիս է այն համոզման, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում հսկայական վնաս է հասցվել։
Նա ասաց, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում իր հետ, քաղաքական ճնշում է, քանի որ տարբեր թեմաների շուրջ պարբերաբար քննադատել է թիմին, դեմ է արտահայտվել որոշումներին։
«Վարչապետը գնաց ինձ մեկուսացնելու, քաղաքականությունից հեռացնելու ճանապարհով, եթե խաղաղության պայմանագրի հետ կապված հետագա ամեն ինչը լինի մեր պետության համար օգտակար, ապա, ոչինչ, ես այդ գինը կվճարեմ»,- հավելեց Աղազարյանը։