«Մշակույթի, արվեստի մայրաքաղաքն այսօր 1000 տեղանոց համերգային դահլիճ չունի, չունի պատկերասրահ, իսկ մենք ունենք բազում նկարիչներ, որոնք ցուցադրվելու տեղ չունեն»,-նախընտրական քարոզարշավի շրջանակում գյումրեցիների հետ ընթացող հանդիպման ժամանակ լեփ լեցուն դահլիճում հայտարարեց հայտնի պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
Ի դեպ, մինչ հանդիպման մեկնարկը գյումրեցի հայտնի մտավորականների, գրողների լուսանկարների ուղեկցությամբ հնչեց «Մեր թասիբն է հաղթելու, Գյումրին թուրքին չենք տալու» երգը, ինչի ավարտին ներկաները երկար ծափահարեցին։
Թեկնածուն ընդգծեց՝ գյումրեցին պետք է վճռական կերպով ասի՝ ինքը համաձայն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա բաց դարպաս թուրքերի համար. Գյումրին ու գյումրեցին այդ հաճույքը ոչ մի թրքահաճո իշխանության չի պարգևելու, Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող իշխանությունը Գյումրիում չի հաղթելու։։
«Правильно»,-դահլիճից արձագանքեց հանդիպմանը ներկա մի երեխա։
Շարունակելով թվարկել քաղաքի խնդիրներն ու առաջարկվող լուծումները՝ Մխիթարյանն ասաց, այսօր խոսում են 40 հազար տեղանոց մարզադաշտի կառուցման մասին, նախատեսվում է, որ այն պետք է լինի Երևանում։
«Ինչի՞ Երևանում։ Եթե դուք ուզում եք Գյումրին զարգանա, ապա այդ մարզադաշտը պետք է կառուցվի Գյումրիում, միջազգային օդանավակայանն ունենք, Հյուսիս-Հարավը, այդքան չարչրկված, ոնց էլ լինի կառուցվելու է, երկաթգիծն ունենք, լոգիստիկայի խնդիր չունենք։ Պատկերացրեք, Գյումրին ունի 40 հազար տեղանոց մարզադաշտ, որտեղ տարին 5 անգամ հավաքականը հանդիպում է անցկացնում, դա նշանակում է 200 հազար մարդ, ահռելի մեծ գումար, որը 4-5 անգամ ավելի է, քան Գյումրու տարեկան բյուջեն»,-ասաց Մխիթարյանը։
Նա որպես օրինակ նշեց Կրասնոդարի մարզադաշտը, որի կառուցումից հետո ներդրողների հոսք է եղել։
«Մենք պնդելու և հիմնավորելու ենք, որ մարզադաշտը կառուցվի Գյումրիում։ Տարին 1-2 անգամ հայտնի երգչի, խմբի Գյումրի բերելով՝ 40 հազար զբոսաշրջիկ է գալու Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից, դա նշանակում է, որ քաղաք մարդկային մեծ հոսք է լինելու, ինչն էլ իր հերթին բերելու է մյուս ոլորտներում զարգացում»,-ասաց Մխիթարյանը։
Նա նշեց՝ տրանսպորտային նոր համակարգ են ներդնելու, որ Եվրոպայից ստացած ավտոբուսները, որոնք անհասկանալի կերպով կանգնած են, գործի դրվեն։
«Մեր բնակիչները ոչ թե կանգառներում պետք է երկար սպասեն, այլ կանգառներում սպասողները պետք է մոնիտորի միջոցով հետևեն, թե որտեղ է հասել ավտոբուսը, քանի՞ մարդ կա դրանում»,-ասաց նա։
Մխիթարյանը կարևորում է քաղաքի կանաչապատումը, պուրակների, այգիների վերականգնումը։
«Զբոսաշրջիկն ամբողջ քաղաքում պետք է տեսնի գեղեցիկ այգիներ, պուրակներ։ Ինչքան ուզում է ներդրողի ծրագիրը գայթակղիչ լինի, կանաչապատ տարածք չի տրամադրվելու։ Մեր այգիները մեր տարեցների, երեխաների, սիրահար զույգերի համար են»,-ասաց Մխիթարյանը։