«Համբերության ոչ թե բաժակը, այլ ջրավազանն է լցվել». Վարդան Սրմաքեշից խաբված բնակիչներն ակցիայի են դուրս եկել (Տեսանյութ)


«Համբերության ոչ թե բաժակը, այլ ջրավազանն է լցվել». Վարդան Սրմաքեշից խաբված բնակիչներն ակցիայի են դուրս եկել (Տեսանյութ)
Փետրվար 21 13:40 2025

Շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշը հարյուրավոր քաղաքացիների անտուն է թողել։

Երևան քաղաքի Ֆուչիկ-Հալաբյան հատվածում գտնվող կիսակառույց բնակելի համալիրում բնակարան գնած շուրջ 250 ընտանիք հայտնվել է անորոշության մեջ։

Շինարարությունը նախաձեռնողը Սևակ Արծրունին է, որի շինարարարական նախաձեռնությունը հայտնվել է սնանկության եզրին, հարյուրավոր ընտանիքներ, վճարելով մեծ գումարներ, մնացել են առանց տանիքի։

Բնակիչներն այսօր Վարդան Սրմաքեշի գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին։

«Գրասենյակի տնօրենն իջավ, առաջարկել ենք, որ մեր կողմից կարող ենք ներդրում անել, մի փոքր գումարային տարբերություն տալ, լրացնել բալանսը, բայց կամքի ուժ լինի, լինի նոտարական պայմանագիր, որ սարքելու են, վերջացնեն։ Տնօրենը խոստացավ երկու օրվա մեջ մեր հարցին պատասխան տալ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց բանկիչներից Արմանը։

Բնակիչները պնդում են՝ եթե իրենց հարցին լուծում չտրվի, ակցիաները կշարունակեն այլ ձևերով։

«Խնդիրը միայն այս շենքի մասին չէ, մենք բարձրաձայնում ենք այս հարցը, որովհետև մեզ է վերաբերվում, բայց, վստահ եմ, որ բազմաթիվ այլ պատմություններ էլ կան, քաղաքացին մնացել է լրիվ մենակ։ Մենք գիտենք Սևակ Արծրունու մասին, վերջերս էլ իմացանք, որ Վարդան Սրմաքեշն է այս պրոյեկտի մեջ ներգրավված։ Ինչ ասեմ, համբերության բաժակը չի լցվել, արդեն համբերության կարաս ասեմ, ջրավազան ասեմ, ինչ ասեմ, այդ ամենը լցվել է։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել։ Ցավում եմ, որ ապրում ենք այնպիսի իրականությունում, որ մենք ենք ստիպված կառուցապատողի հարցերը լուծել»,- նշեց բնակիչներից մեկը։

Վարդան Սրմաքեշի կողմից խաբված բնակիչներն ասում են, որ «Արցախբանկ»-ը, որի հետ էլ գործարք են արել, իրենց «խուժանավարի խաբել» է։

«Գագաթնակետն էլ է անցել, սրանից այն կողմ էլ տարբերակ չի լինում, եթե հարցը լուծում չստացավ, ինչքան տեղ ու ձև կա՝ արվելու է,  խնդրում եմ մաքսիմալ լուրջ ընկալեք»,- Վարդան Սրմաքեշի ներկայացուցչին զգուշացրեց բնակիչներից մեկը։