Հայդե՝ փողոցներով ձյուն մաքրելու


Հայդե՝ փողոցներով ձյուն մաքրելու
Փետրվար 20 22:59 2025

Երևանը շարունակում է կաթվածահար վիճակում մնալ՝ ձյան տեղումների պատճառով։

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օրեր առաջ էր զգուշացրել,որ փետրվարի 20-21-ին մայրաքաղաքում ձյան առատ տեղումներ են սպասվում, սակայն, ինչպես միշտ, ձյունն «անակնկալ» էր, քաղաքային իշխանություններն էլ՝ անպատրաստ «անակնկալին»։

Փողոցների պատշաճ մաքրման աշխատանքներ չեն տարվել, իսկ թանկացած սակագնով ավտոբուսներն էլ չեն կարողանում երթևեկել, քանի որ ձմեռային անվադողեր չունեն։

Քաղաքացիները շարունակում են ձմռան ցրտին կանգնած մնալ կանգառներում՝ տուն հասնելու հույսով։

Զուգահեռ իրականությունում   վարչապետի աշխատակազմի ղեկավարը կոչ է անում «մեր գլխին թափվող մեգաաղմուկի մեջ» նկատել, թե «ինչ սքանչելի տեսարաններ է հրամցնում մեզ եղանակը»։

Այժմյան քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ, ով տարիներ առաջ զբաղված էր այդ ժամանակ գործող իշխանություններին քննադատելով, նմանատիպ մի իրավիճակում 2016 թվականին  գործող քաղաքապետին  խորհուրդ էր տվել անձամբ զբաղվել ձնամաքրման աշխատանքներով։

Իշխանությունները փոխվել են, սակայն Ավինյանի խորհուրդն արդիականությունը չի կորցրել։