Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ` 2020 թվականից սկսած. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք Ալիևի պահանջով է տեղի ունենալու սահմանադրական փոփոխությունները, և արդյոք կարող է վստահեցնել, որ Անկախության հռչակագիրը դուրս չի գալու Սահմանադրությունից:
«Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում եղել է ներքին գործընթաց, դա արտաքին որևէ գործընթացների հետ որևէ առնչություն չի կարող ունենալ, այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է մնալ ներքին գործընթաց»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացման ժամկետներին, նա ասաց, որ ժամկետների մասին հրապարակային ասված է:
«Հանրությունը կքվեարկի. ի դեպ մենք չենք որոշելու դա, ժողովուրդն է որոշելու»,- ասաց նա:
Գրիգորյանը չհստակեցրեց, թե Սահմանադրության կոնկրետ որ հոդվածներն են ուզում փոխել: Նա հայտարարեց, որ կոնկրետ հոդված չկա: