Պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին․ Կոնջորյան


Պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին․ Կոնջորյան
Փետրվար 12 15:33 2025

Ես նկատում եմ, որ երկու կողմերից էլ այս թեմայի շուրջ կան գերագնահատված ակնկալիքներ, մի կողմից կա գերագնահատված ակնկալիք, որ այս օրենքը կընդունենք և դրանից հետո Հայաստանը կփրկվի, ընդդիմության կողմից էլ կա գերագնահատված ակնկալիք, որ այս օրենքը, եթե ընդունենք, Հայաստանը կկործանվի․ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Նրա դիտարկմամբ՝ ճշմարտությունը ո՛չ մեկի և ո՛չ էլ մյուսի մեջ է.«Ճշմարտությունն ինչպես միշտ բևեռների արանքում է։ Մենք պետք է դադարենք փրկիչներ որոնել, պետք է դադարենք հավատալ մեկ քայլանի փրկության երազներին, չկա նման բան և, ընդհանրապես, քաղաքականության մեջ չկա փրկության գաղափար։ Փրկության գաղափարը միֆ է, որը ստեղծված է մարդկանց կառավարելու համար»։

Դիմելով ընդդիմությանը՝ Կոնջորյանը ասաց, որ նրանք փորձում են «Կիկոսի  մահի»-ի սինդրոմով բացատրել ՀՀ  քաղաքացիներին ՀՀ արտաքին քաղաքականությունը.«Դուք կառուցում եք աշխարհաքաղաքական բայղուշության մի հատ  տեսլական և ասում եք մեր ժողովրդին՝ եթե մի հատ աջ կամ ձախ անենք, եթե սկսենք սովորել ինքնուրույն քաղաքականություն վարել, մեզ կպատժեն»։