ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը։
Մինչ այդ, «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին, սակայն ընդմիջում խնդրեցին 20 րոպե։
63 կողմ, 7 դեմ, 0 ձեռնպահ ձայներով նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Նշենք, որ այն քաղաքացիական նախաձեռնություն է։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ասել էր, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված այս նախագիծը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի և Եվրոպական միության և ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության խորացման դինամիկային և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին: