Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել


Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
Փետրվար 11 21:25 2025

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները: Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։

 Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել Իսրայելում կամ այլ երկրում արտադրված նորերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում էր այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:

 «Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել» - ասված է պարզաբանման մեջ։

 Հիշեցնենք, ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները։