Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Արմեն Քոլոյան


Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Արմեն Քոլոյան
Փետրվար 11 20:28 2025

Հանրային ռադիոյի շենքի դիմացից հեռացվել է Արցախի դրոշը։ Ի՞նչ նպատակով և ո՞ւմ որոշմամբ է դրոշը հեռացվել․ MediaHub փորձել է պարզել՝ զրուցելով Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի հետ։

«Այո, դրոշը երեկ է հեռացվել, իմ որոշմամբ»,- լրատվամիջոցի հետ  հետ զրույցում նշել է Քոլոյանը։

Ստորև՝  ամբողջական զրույցը․  

-  Պարոն Քոլոյան, այսօր այդ հատվածով էի անցնում և նկատեցի, որ Արցախի դրոշը չկա։ Ե՞րբ և ինչո՞ւ է հանվել։

-  Այո՛, երեկ է հանվել։

-  Ինչո՞ւ։

-  Շատ պարզ պատճառով, որովհետև սա Հայաստանի Հանրաին ռադիոյի շենքն է, ոչ թե Արցախի։

-  Այսի՞նքն։ Արցախի դրոշը որևէ կերպ խանգարո՞ւմ էր Հայաստանի Հանրային ռադիոյին Հայաստանի Հանրային ռադիո լինելուն։ 

-  Ես նշանակվել եմ այստեղ՝ որպես Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն, ես Արցախի Հանրային ռադիոյի տնօրենը չեմ։ Դժբախտաբար, շատ ողբերգական ավարտ է այդ ամեն ինչն ունեցել, և ես շատ եմ ցավում բոլորի նման, բայց ես պատասխանատու եմ Հայաստանի Հանրային ռադիոյի համար։ Ես նստել, թերթել եմ իմ աշխատանքային պայմանագիրը, և այնտեղ ոչ մի տող չեմ կարդացել, որ ես պատասխանատու եմ նաև Արցախի Հանրային ռադիոյի համար։

-  Պարոն Քոլոյան, հիշո՞ւմ եք՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրային ռադիոյում Բաքվի ժամացույցը կախեցիք․․․

-  Ես այլ հարցերի չեմ պատասխանում։

-  Դե բարեկամական մոտեցում ունեք հայասպանների նկատմամբ։

-  Ես բարեկամական մոտեցում չունեմ։

-  Դե, ամեն դեպքում ժամացույցի տեղադրումը դա էր ցույց տալիս, որ Դուք իրենց հետ որևէ խնդիր չունեք։

-  Ես բոլորի հետ ունեմ խնդիր, բայց դա որևէ կապ չունի ժամացույցերի հետ։ Ժամացույցն ընդամենը մեխանիզմ է, դրոշը՝ այլ պետության սիմվոլ։

-  Այսինքն՝ միայն Արցախի դրոշն ամեն ինչի հետ կապ ունի։

-  Դուք ինձնից ի՞նչ պատասխան եք ակնկալում, դուք Արցախում եղե՞լ եք ընդհանրապես։

-  Իհարկե եղել եմ, դա ի՞նչ կապ ունի։

-  Ես Ձեզ հավատացնում եմ՝ ես որպես լրագրող ձեզնից շատ ավելի շատ եմ եղել։

-  Դուք ավելի տարիքով եք, ու նորմալ է, որ ավելի շատ եք եղել, Ձեր աշխատանքն եք կատարել։

-  Ես Ձեզ պատասխանեցի, ես պատասխանատվություն եմ կրում Հայաստանի Հանրային ռադիոյի համար։

-  Հասկանում եմ, բայց Արցախի դրոշը Ձեզ խանգարո՞ւմ էր Ձեր պատասխանատվության հարցում։

-  Դուք ո՞ր լրատվամիջոցից էիք։

-  MediaHub.am:

-  MediaHub-ի տանիքին կա՞ Արցախի դրոշ։

-  Մենք բարձրահարկի առաջին հարկում ենք և ներսում ունենք թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դրոշ։

-  Դուք եկեք, ես Ձեզ մի դրոշ էլ կնվիրեմ, այն մեկը չէ, որ հանել ենք։

-  Սիրով կվերցնեմ, բայց ինձ ասեք, թե ինչ է արվելու դրոշը, որը հանվել է։

-  Մենք պետական հիմնարկ ենք, և պետական հիմնարկի տանիքին և մոտը պետք է լինի այդ պետության պետական դրոշը։ Եթե մենք ապրեինք Տանզանիայում, ես կասեի, որ Տանզանիայի դրոշը դրվեր։

-  Ինչո՞ւ հիմա որոշեցիք, որ պետք է հանել Արցախի դրոշը։

-  Քանի որ Հանրային ռադիոն ինձ է վստահվել։

-  Կես տարի է՝ ինչ Ձեզ է վստահվել։

-  Այո՛, օգոստոսից։ Ես կես տարի մտածել եմ։ Կներեք, որ դանդաղ եմ մտածել։

-  Ու կես տարի անց հասկացաք, որ Ձեզ խանգարում է Արցախի դրոշը։

-  Կես տարի անց հասկացա, որ ինձ առաջին հերթին պետք է Հայաստանի դրոշը։

-  Իսկ Հայաստանի դրոշին ինչո՞վ էր խանգարում Արցախի դրոշը։

-  Ոչ մի բանով չէր խանգարում, սա իմ որոշումն է՝ որպես գործադիր տնօրեն։

-  Այսինքն՝ կարո՞ղ եմ ենթադրել, որ Դուք հակակրանք ունեք Արցախի, դրոշի հանդեպ։

-  Դա Ձեր եզրակացությունն է, որի հետ ես ոչ մի կապ չունեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։