«Անցած շաբաթները նշանավորվեցին Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլխի կողմից հրաժարման քաղաքականության ազդարարմամբ»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։
Ըստ նրա, նախ՝ հրաժարում Հայոց ցեղասպանության արդար դատից, նաև ցեղասպան Ադրբեջանին պատասխանատվության կանչելու միջազգային իրավական գործընթացներից։
«Իրավական գանգատները սակարկման առարկա չեն կարող լինել, այս իրավական գանգատները չափազանց կարևոր իրավական գործընթացներ են, որոնք բացահայտում են ագրեսոր Ադրբեջանի հանցավոր ցեղասպան քաղաքականությունն ընդդեմ հայկական պետականության։ Սրանք մեր ժողովրդի դեմ ցեղասպանություն գործած երկրին պատախանատվության ենթարկելու, արդարություն հաստատելու, հերթական ագրեսիան զսպելու կարևոր գործիքներ են։
Իրավական գործընթացներից հրաժարումը պատմական արդարությունից, ճշմարտությունից հրաժարում է, սա հրաժարում է մեր ինքնիշխանությունից»,- ասաց Ա.Կրպեյանը։
Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ «Հայաստանում իշխանությունն օկուպացրած կոլաբորացիոնիստների հանցախմբի պարագլուխը փորձում է մեկընդմիշ սպանել անկախ պետականություն ունենալու բաղձալի նպատակը», իսկ այս ամենը քողարկում են խաղաղության հաստատելու կեղծ օրակարգով։
Ըստ նրա, կարևոր իրավական գործընթացներից հրաժարումը խաղաղություն չի բերելու, ավելի անսանձ է դարձնելու ցեղասպան Ադրբեջանին։
«Այս ամենը միտված է թուլացնելու մեր իրավական պայքարը»,- ընդգծեց Ա. Կրպեյանը։
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացոմ հայտարարեց Ասպրամ Կրպեյանին՝ էթիկայի կանոնները չպահպանելու և վիրավորական արտահայտությունները օգտագործելու համար։