Ժամանական է՝ այսօր ասեմ հրապարակային մի բան, որը մինչև վերջերս ասել եմ ոչ հրապարակային՝ խոսելով գաղափարական տրանսֆորմացիայի մասին. Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է՝ եկել է այն եզրահանգման, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից չեն նկատել, որ ՀՀ-ում կա ընդամենը մեկ կուսակցություն, որը ՀՅԴ-ն է։
Փաշինյանը նշել է, որ ֆորմալ եղել են այլ կուսակցություններ ևս, բայց իրականում մեկ կուսակցության գաղափարախոսություն է եղել, այն տարբերությամբ, որ եղել է իսկական ՀՅԴ և ՀՅԴ, ՀՀՇ, ՀՅԴ, եղել է ժողովրդական ԱԺՄ-ՀՅԴ, եղել է ՔՊ կուսակցություն և ՀՅԴ։
«Այսինքն՝ ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են ՀՅԴ-ի գաղափարախոսության ներքո։ Իսկ ինչու չեն անդամագրվել ՀՅԴ-ին, որովհետև ՀՀՇ-ին թվացել է, թե ինքն ավելի լավ դաշնակցական է, քան իսկական դաշնակցականը, ՔՊ-ականերին թվացել է, թե մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան իրական դաշնակցականը։ Մենք իրականում եղել ենք ՔՊ ՀՅԴ, ընդ որում մենք ունիկալ չենք»,-ասաց նա։
Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ի գաղափարական տրանսֆորմացիան առաջին հերթին «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունն է. «Պետք է աշխատենք, որ դա ամբողջ հայության գաղափարական տրանսֆորմացիան դառնա»։
«Հիմա նախ ինքներս մեզ ենք ասում՝ ոչ, հետո աղետների միջով անցնելու միջոցով ենք ասում՝ ոչ, ՀՀ-ն ազգային բարձրագույն նպատակն է, ավելի բարձր ազգային նպատակ չկա։ ՀՀ-ն ոչ թե հենման կետ է ինչ-որ ավելի մեծ ու լավ հայրենիք ունենալու համար, այլ այն է, որ մենք ունենք և այն չպետք է օգտագործենք ուրիշ հայրենիքի համար»,-ասաց նա։