Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)


Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ ոչ կոշտ դիմադրության պայմաններում գնալ պատերազմական ճանապարհով․ Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Փետրվար 11 18:52 2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի  հայտարարությունը՝ ԱԺ-ում․

«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլև, ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում, ծառայեցնում է Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը:

Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում են ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն  նորանոր սպառնալիքներ է ստեղծում:

Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել։

Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես՝ չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ:

Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում:

Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում: Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով՝ 2 հիմնական խնդիր է լուծում:

Առաջինը՝ փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով:

Եվ երկրորդը՝ Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարների  լոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով:

Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ պարզապես համակերպվել է զոհի իր դերին  և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»: