Հայաստանում Իրանի դեսպանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի մասին


Հայաստանում Իրանի դեսպանը՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի մասին
Փետրվար 6 16:56 2025

«Ապացուցվել է՝ դա իր հակառակ ազդեցությունն է ունեցել և պարտվել են։ Եթե նրանք առավելագույն  ճնշման քաղաքականություն որդեգրեն, մենք էլ առավելագույն դիմադրության քաղաքականություն կորդեգրենք»,- ասուլիսում ասաց  ՀՀ–ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին` պատասխանելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի վրա ճնշումները խստացնելու մասին հայտարարությունների մասին հարցերին։

Նա նշեց, որ մանրակրկիտ հետևում են ԱՄՆ նոր կառավարության կողմից որդեգրած քաղաքականությանը, այդ հարցում շատ զգոն են։

«Սա հիմարություն է, եթե պետք է մի քանի անգամ կրկնել նույն սխալը և ենթադրել, որ յուրաքանչյուր անգամ կարող է այլ արդյունք արձանագրվել։ Շատ լավ գիտենք, որ ամենախիստ պատժամիջոցները կիրառվել են Իրանի միջուկային և հրթիռային արդյունաբերության մեջ, սակայն մենք այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ ենք արձանագրել»,- ասաց դիվանագետը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված ռազմավարական համաձայնագրին, Մեհդի Սոբհանին նշեց. «Այդ փաստաթուղթն ավելի թույլ փաստաթուղթ է, քան նախկին իշխանությունների ժամանակ էր ստորագրվել։ Իհարկե, մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները ԱՄՆ կողմից կիրառվող այդ առավելագույն ճնշումների ազդեցությունից հեռու պահել։

Մեր և Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում և ընկալում կա այս հարցի շուրջ և խորապես գիտակցում ենք, որ մեր հարաբերություններն իրագործվում են ի շահ մեր երկրների և ժողովուրդների։

Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համաձայնագրի կապակացությամբ Հայաստանի իշխանությունները մեզ ասել են, որ այն դեմ չէ Հայաստան-Իրան հարաբերություններին։ Հայաստանի իշխանություններն ընդգծել են, որ չեն ձեռնարկի այնպիսի քայլ, որը կվնասի երկկողմ, կամ Իրանի շահերին»։