ԱԱՏՄ-ն սահմանել է սուր շնչառական վարակների տարածումը կանխարգելելու կանոններ


ԱԱՏՄ-ն սահմանել է սուր շնչառական վարակների տարածումը կանխարգելելու կանոններ
Փետրվար 6 11:44 2025

ԱԱՏՄ-ն նշել է կանոնները, որոնց պետք է հետևեն ուսումնական հաստատություններում՝ սուր շնչառական վարակների նվազեցման և տարածումը կանխարգելելու համար։ Այդ մասին տեսչությունը հաղորդագրություն է տարածել․

«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է․

գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությամբ պայմանավորված՝ հիվանդացության նվազեցման և վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարներին հակահամաճարակային աշխատանքները կազմակերպել՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի N 50-Ն հրամանով հաստատված «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» 2.1.2.001-24 սանիտարական կանոններով և հիգիենիկ նորմատիվներով, ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» N 2.2.4-016-17 սանիտարական կանոններով և նորմերով, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի N 34-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակաբանական հսկողություն» սանիտարահամաճարակային կանոններով և նորմերով սահմանված պահանջները։

Մասնավորապես՝

Նախադպրոցական ուսումնական հաստատություններին.

Առավոտյան ընդունելության ժամանակ ծնողներից հարցման եղանակով տեղեկանալ երեխայի առողջական վիճակի մասին.

Իրականացնել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը.

Զննման ժամանակ հայտնաբերված հիվանդ և հիվանդության կասկածով երեխաներին չընդունել կազմակերպություն, օրվա ընթացքում հայտնաբերված վատառողջ երեխաներին մեկուսացնել.

Ամեն օր օդափոխել տարածքը, խմբերում օդափոխությունը կատարել միայն երեխաների բացակայության ժամանակ.

Օդի ջերմային ռեժիմի հսկողությունը իրականացնել սենքերի պատերի ներքին մակերեսին, 0,8-ից 1,2մ բարձրության վրա ամրացված կենցաղային ջերմաչափերի (սնդիկ չպարունակող) միջոցով.

Հնարավորինս սահմանափակել զանգվածային միջոցառումները.

Պահպանել խմբային մեկուսացումը, սահմանափակել երեխաների միջխմբային շփումները.

Կատարել ամենօրյա խոնավ մաքրում օրը 2 անգամ.

Հիվանդացած երեխաներին թույլատրել հաճախել ապաքինումից հետո՝ առաջնային պահպանման հաստատության կողմից տրված տեղեկանքով:

Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին.

Սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում հաստատությունում ապահովել սուր շնչառական վարակներին բնորոշ (հարբուխ, հազ, ջերմություն, փռշտոց, տկարություն) ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերումը միջին բուժաշխատողի կողմից,

Հայտնաբերված հիվանդ երեխաներին և ուսուցչական անձնակազմին անմիջապես տեղափոխել բուժկետ՝ տեղեկացնելով համապատասխան ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և անհրաժեշտության դեպքում տեղեկացնել երեխայի ծնողին կամ նրա օրինական ներկայացուցչին՝ երեխային տուն ուղեկցելու համար,

Հաստատության ուսումնական սենքերը լիարժեք օդափոխել դասամիջոցներին, իսկ դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթափոխերի միջև ընդմիջման ժամանակ կատարել սենքերի միջանցիկ օդափոխություն,

Հաստատության սենքերում ապահովել օդի համապատասխան ջերմաստիճանները,

Կատարել սենքերի ամենօրյա խոնավ մաքրում, առնվազն օրը երկու անգամ», - նշված է հաղորդագրությունում։