Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ, սակայն PR-ը շարունակվում է․ Դանիելյանը՝ Փաշինյանի այցի մասին


Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ, սակայն PR-ը շարունակվում է․ Դանիելյանը՝ Փաշինյանի այցի մասին
Փետրվար 5 17:56 2025

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին․

«Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ և նրա հանդիպումները կոնգրեսականների ու սենատորների հետ, որոնք խոստացվել էին որպես «ռազմավարական գործընկերության զարգացման» քայլ, իրականում վկայում են Հայաստանի արտաքին քաղաքականության անգործունակության և իշխանության նկատմամբ միջազգային հետաքրքրության շարունակական նվազման մասին։

Ամենից առաջ հարկ է նշել հանդիպումների մակարդակը։ Փաշինյանն այս պահին չի ընդունվել ոչ Սպիտակ տանը, ոչ Պետդեպարտամենտում, ոչ էլ հանդիպել է ԱՄՆ արտաքին քաղաքականության առանցքային որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ։ Հանդիպումներն անցկացվել են մի խումբ կոնգրեսականների և սենատորների հետ, որոնց ազդեցությունը ԱՄՆ քաղաքական օրակարգի վրա բավարար չէ։

Այս հանգամանքը խոսում է ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման, այլ հակառակը՝ դրանց մակերեսայնացման և Հայաստանի արտաքին քաղաքական կշռի անկման մասին։ Եթե ԱՄՆ-ն Հայաստանի հետ իրականում պատրաստ լիներ խորացնելու ռազմավարական համագործակցությունը, ապա մենք կտեսնեինք այլ կարգի հանդիպումներ՝ պետական մակարդակում։ Փոխարենը, ներկայիս ձևաչափն ավելի շատ հիշեցնում է ձևական և երկրորդական շփումներ, որոնք ունեն միայն ցուցադրական բնույթ։

Փաշինյանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը նրա հետևողական անհաջողություններն են միջազգային հարաբերություններում։ 2018-ից հետո Հայաստանի դիրքերը միայն թուլացել են՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Արևմուտքում։ Հայկական դիվանագիտությունը, որը նախկինում կարողանում էր պահպանել բալանսն ու կշիռ ունենալ տարածաշրջանում, այսօր վերածվել է կցորդային քաղաքականության՝ առանց հստակ ռազմավարության և տեսլականի։

Հայաստանն այսօր կանգնած է լուրջ անվտանգության սպառնալիքների առջև, սակայն Փաշինյանի կառավարությունը շարունակում է զբաղվել PR-ով՝ ներկայացնելով ոչ ազդեցիկ հանդիպումները որպես դիվանագիտական հաջողություններ։ Իրականում այս այցն ավելի շատ փաստեց, որ Փաշինյանի վարչակազմն այլևս չունի վստահություն և գործընկերային արժանահավատություն համաշխարհային քաղաքական կենտրոններում։

Հայաստանի համար այսօր հրամայական է վերականգնել դիվանագիտական ակտիվությունը, վերադառնալ պրոֆեսիոնալ և հետևողական արտաքին քաղաքականության՝ հիմնված ազգային շահերի վրա։ Սակայն գործող իշխանության մոտեցումները միայն խորացնում են երկրի միջազգային մեկուսացումն ու ռազմավարական գործընկերների կողմից Հայաստանի հանդեպ հետաքրքրության նվազումը։

Եթե ԱՄՆ նախկին վարչակազմի վրա հնարավոր էր «վաճառել» Հայաստանի՝ ժողովրդավարության  բաստիոն լինելու մառազմը, ապա ԱՄՆ նոր ղեկավարը, լինելով գործարար, նման հեքիաթներին ոչ հավատում է, ոչ էլ կարևորում դրանք։

Թրամփը բիզնեսմեն է, իսկ Նիկոլը՝ բանկրոտ։ Ուստի սպասելի է, որ Փաշինյանի այցն ԱՄՆ ոչ թե հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման, այլ դրանց դեգրադացիայի հերթական ապացույցն է»։