3 տարի քաղաքապետ էիք, ինչո՞ւ գազելները չփոխարինեցիք ավտոբուսներով. քաղաքացին՝ Հայկ Մարությանին


3 տարի քաղաքապետ էիք, ինչո՞ւ գազելները չփոխարինեցիք ավտոբուսներով. քաղաքացին՝ Հայկ Մարությանին
Փետրվար 4 17:21 2025

Այն, ինչ հիմա ասում եք, Ձեր ժամանակ ինչո՞ւ չարեցիք, գազելները ձեր ժամանակ կար, հիմա չկա: Այս մասին տրանսպորտի թանկացման դեմ ակցիա իրականացնող  Հայկ Մարությանին ասաց քաղաքացիներից մեկը:

«Ո՞նց չեմ արել, բա ես սկսել եմ տոմսային համակարգի ներդրումը, մեր թիմն է սկսել: 2018-ին մենք սկսեցինք բերել շարժակազմ, շարժակազմի մեծ մասը բերվել է իմ օրոք, տեսանյութերը կան, արդեն մենք պատրաստվում էինք 2022 թվականի սկզբից անցնել տոմսային համակարգի: Ընդ որում, այսպես էր լինելու տոմսային համակարգը, դու ունես բանկային քարտ,  հպում ես և քո բանկային քարտից ստանում է 100 դրամ, կամ դու գնում ես քաղաքապետարանի կողմից թողարկված քարտ, որը լիցքավորվում է, ենթադրենք 500 դրամով լիցքավորում ես, այդ 500 դրամով 100-100 դրամներով կարող ես հինգ անգամ օգտվել: Կարևոր չէ, թե ինչ ժամանակահատվածում՝ վեց ամսում, թե մեկ տարում, դու ունես այդ 500 դրամը»,- ասաց Մարությանը:

Արձագանքելով՝ քաղաքացին նշեց.

«3 տարի է քաղաքապետ էիր, ինչու այդ երեք տարվա ընթացքում չբերեցիք այդ ավտոբուսներն ու փոխեիք գազելները»:

«Արել ենք, 211 հատ «Jongtong»-ներից ենք բերել,  սկսել ենք «Man» ավտոբուսները բերելու ամբողջ պրոցեսը , ստորագրել ենք պայմանագիրը, այն բերվել է արդեն ինձնից հետո»,- ասաց Հայկ Մարությանը: