Հունվարի 23-ին սրբապղծություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Գառնի գյուղի մի քանի բնակիչներ ահազանգել են Shamshyan.com-ին, ասելով, որ անհայտ անձը կամ անձինք Գառնի գյուղի գերեզմաններում սրբապղծություն են իրականացրել. կոտրել են հանգուցյալի շիրմաքարը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ արարքը կատարողի ինքնությունը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները ճշտել են և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի գյուղացիներ, ովքեր հրաժարվել են ռեսախցիկի առաջ խոսել, ասել են.
«Ում շիրմաքարը որ կոտրել են, գյուղում շատ հարգված կին է եղել: Երկար տարիներ դպրոցում մի քանի սերունդ է դաստիարակել ու միշտ բարձր է գնահատվել այդ կնոջ թե՛ մարդկային հատկանիշները, թե՛ աշխատանքը դպրոցում: Երբեք «հավին քշա չի ասել», միշտ «խաթրաշահ» է եղել ու հիմա երբ իմացանք, որ նման արարք է կատարվել, զայրույթներս մի կերպ ենք զսպում, ուզում ենք, որպեսզի իրավապահները հայտնաբերեն ու դրան օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն: Մի տղան Միացյալ նահանգներում է, մի տղան էլ այստեղ է, ու ամբողջ գյուղն արդեն գիտի, թե ով է այդ արարքը կատարել. մնում է ոստիկանները բռնեն ու նա պատժվի օրենքի ամբողջ խստությամբ: Մարդ ինչ աստիճանի սրբապիղծ լինի, որ նման քայլի դիմի»: