Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ընտանեկան փոդքաստի ժամանակ նշեց, որ հետևում և տեսնում է մարդկանց պահանջները, որ իրենք հրաժարվեն ծառայողական մեքենաներից և տրանսպորտով երթևեկեն։
Աննա Հակոբյանը նշեց, որ կարող են, իհարկե, բայց չեն անի, որովհետև դա չի կարող լինել իրենց համար կենցաղային իրավիճակ։
«Հիմա դու խոստացել ես և, վստահ եմ, որ կանես, ես էլ կարող եմ, բայց դա չի կարող լինել առօրյա ընթացիկ, դա էլի աշխատանք է քեզ համար, երբ դու վեր ես կենում և ժամանակ տրամադրում երթևեկելու քաղաքային տրանսպորտով»,-ասաց նա՝ ամուսնուն։
Փաշինյանը կնոջից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ։ «Մեր կյանքի և աշխատանքի ռեժիմը թույլ չի տա։ Այսինքն՝ ես չեմ գնում ժամը 9-ին մտնում աշխատանքի վայր, որտեղ աշխատում եմ 8 ժամ, ու վերադառնում, ես գնում եմ մարզ, մարզից այլ հանդիպման, այլ հանդիպումից այլ հանդիպման և ժամանակի հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ»,-պատասխանեց Աննա Հակոբյանը։
Ի տարբերություն Աննա Հակոբյանի, վարչապետ Փաշինյանն ասաց, որ դա իր համար մեծ խնդիր չէ, ինքը կարող է դա անել, բայց դա շղթայական խնդիներ կառաջացնի։
«Տրանսպորտով երթևեկելն ավելի թանկ է նստելու, համապատասխան ծառայություններ կան, որ պետք է ուղեկցեն»,-ասաց նա և նշեց, որ, բացի այդ, ամեն օր գործի գնալ-գալով նախապես կիմանան իր քայլերը։